top of page
Մուսա իմ
իմ խորթ մայր
անծանոթ ձայն
վախկոտ գերին եմ ես քո
հավերժորեն
հրամայիր ինչ ցանկանաս
ու ես կանեմ
երբ լսում եմ ոտնաձայնդ
հեռվից եկող
նստում ու գլխահակ ջոկջկում եմ
բառերը
Մոխրոտի պես
թանա՛ք իմ
գինի չես դու
տաք նռնագույն
որ քաղցրացնում է
լեզուն
կամ թուլացնում
դառնահամ շամպայնի պես
սառը և թափանցիկ
դու սոսկ վառում ես կոկորդս
ուրիշ ոչինչ
մուսա իմ
իմ խորթ մայր
բռնակալ իմ
անտառի վհուկի մոտ
հայտնված աղջկա պես
կարող եմ հայհոյել քեզ
կամ կապկել երբեմն
հայելու մոտ
երբ տանը չես
բայց քեզանից փախչել
ես ան-կարող եմ
մուսա իմ
ես քոնն եմ
ուզես թե ոչ
երեխան եմ ես քո
հավերժորեն
դե ուրեմն ծնկի եկ
հորս պես
ու կանչի՛ր ինձ
վախվորած`
ձեռքերդ առաջ
տարին նոր բոլորած մանկան պես
ես ուզում եմ քայլել աթոռիցս մինչև քեզ մոտ
bottom of page