Պատերազմի ժամանա՛կ
ես կին եմ
ու
հայտարարում եմ քեզ
որպես անհատական թշնամի
այսօրվանից
բացատրել պե՞տք է...
ես մանուկներ եմ արարում
մինչ դու սպանում ես նրանց
դաժանաբար
ժամանա՛կ
վե՛րջ
ես կկռվեմ քեզ հետ
այսուհետև
գեղագետ վիրաբույժիս
սուրսայր դանակները
օդի մեջ
համաչափ ու վարժ
պտտեցնելով
ինչպես սոխ կտրտող
ճապոնացին
խոհանոցում
մա՜նր
այնքա՜ն մանր
մինչև ջուր դառնաս ամբողջովին
ու հոսես վար
փայտից
սեղանից ու
աչքերից իմ
իսկ հետո կխմեմ քեզ
(ա՜խ... ոնց կխմեմ ագահաբար)
ոնց թշնամու արյունը (սովորաբար)
կամ
կբաժանեմ կանանց մոլորակի
փոքրիկ
անթափանց սրվակներով
որպես □անմահության թուրմ□
ավելի շուտ
կլորացնում եմ թղթերը սեղանիս
դարձնում շեփոր հրեշտակի
ու երգելով (ինչպես օպերա)
երկնքին հղում վերջին կամքս
- հավերժությո՛ւն
պետք չես դու ինձ
նախընտրում եմ ես
ապրել հինգ-տասը տարի ևս
մեկ ուրիշ քթով` ավելի նեղ