top of page

Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» Գրքի Շնորհանդէսը՝ Նիւ Եորքի Book Expo America Գրքի Միջազգային Ցուցահանդէսին

Մայիսի 27-ից 29-ը Նիւ Եորքում կայացած գրքի միջազգային Book Expo America (BEA) ցուցահանդէսին Սոնա Վանը ներկայացրեց իր «Լիբրետօ Անապատի Համար» գիրքը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերին:


Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում Հիւսիսային Ամերիկայու գրքի ամենախոշոր փառատօնին: «Հայաստան» տաղաւարի ցուցադրած տարաբնոյթ գրականութեանը զուգահեռ՝ Սոնա Վանի հետ միասին, աշխարհի տարբեր անկիւններից ժամանած հինգ հեղինակներ առիթ ունեցան ներկայացնելու իրենց ստեղծագործութիւնները: Աննա Աստուածատրեանի «Ոչ Մի Տեղ՝ Աքսորի Մի Պատմութիւն»ը Սումգայիթի ու Բաքուի ջարդերի վաւերագրութիւնն է, որ իր տատիկի խորհրդով քսան տարի առաջ օրագրել էր Աննան եւ այժմ՝ վերածել գրքի: Սքաթ Թուֆենքչեանին է պատկանում «Հայկական Սփիւռք Նախագիծը», որը հեղինակի հայկական ինքնութեան հետպնդումն է աշխարհից աշխարհ: Սքաթը եղել է քսաներկու երկրներում եւ լուսանկարել հայերին: Ներկայացուած էր նաեւ Նենսի Կրիկորեանի «Ողջ Լոյսը, Որ Այնտեղ Կար», Մարիան Մեսրոպեան Մաքքարդիի՝ «Սրբազան Արդարադատութիւն», Մեթիու Քարանեանի՝ «Պատմական Հայաստան՝ 100 Տարի Անց», Դանա Ուոլրըթի՝ «Ինչպէս æուրը Եւ Քարը» գրքերը:


Սրանք աշխարհի տարբեր անկիւններում արթնացած հայկական հաւաքական յիշողութիւնը փոխանցելու ցանկութիւններն են, ու գիրքը դրա լաւագոյն միջոցն է: Հեղինակների մեծ մասը օտար երկրներում է յայտնուել հէնց կատարուած Ցեղասպանութեան պատճառով, իսկ նրանց գործերն էլ հէնց պարզաբանումն են այն գենետիկ (ծնային-Խմբ.) յիշողութեան, որոնց կրողներն են իրենք:

Հայ ինքնութեան յայտնաբերումը, Ցեղասպանութեան վերընկալումը, վերապրածի հոգեբանութեան, դիմադրութեան ու պատմութեան գեղարուեստականացման փորձը. սրանք էին, որ ընդհանրացնում էին հայ հեղինակների աշխատանքները: Այդ թեմայի շուրջ մտորումներն էլ դարձան իմ ու Սոնա Վանի զրոյցի թեման:


«Լիբրետօ Անապատի Համար» ժողովածուն հաւաքուած է Սոնա Վանի նախկինում հրատարակուած եւ դեռեւս անտիպ գործերի զուզադրութեամբ եւ այնպիսի մօտեցմամբ, որպէսզի գիրքն իր դրամատուրգիական ամբողջութեան մէջ ընթերցողին հասնի որպէս մի նոր պատմութիւն. կինը՝ ընդդէմ պատերազմի: Որպէս Ցեղասպանութիւնը վերապրողի ժառանգ, Սոնա Վանը մարմնաւորում է արհաւիրքի շարունակական ցաւը, թարմացնում հայի արեան հաւաքական յիշողութիւնը: Հրաժարուելով թանձր գոյներից, պատերազմի ու Ցեղասպանութեան նատուրալիստական (բնա-պաշտական-Խմբ.) տեսարաններով ընթերցողին ցնցելու հնարքից՝ Սոնա Վանին յաջողւում է ստեղծել հզօր պատկերներ. լսի՛ր… պարտաւոր ես/ քանզի/ ես եմ Դեր Զօրի վերջին հարսը/ քօղս/աւազէ փոշեմրրիկ/ վազում եմ/քաշելով անապատը/ յաւելումի նման / հարսնաշորիս («Լիբրետօ Անապատի Համար»):


Սոնա Վանին Ցեղասպանութեան մասին առաջին պատմութիւնները հասել են հօրաքրոջ յիշողութիւններով, ով այդ տարիներին սիրահարուած էր եւ սպասում էր իր ամուսնական արարարողութեանը:


Սոնա Վան. «Նրա ձայնը երգեցիկ էր, իսկ պատմութիւնները լի էին երկխօսութիւններով եւ Վանի ու իր ճոխ ու գեղեցիկ կեանքի նկարագրութիւններով: Բոլոր պատմութիւնների հիմքը իր սիրոյ պատմութիւնն էր, իսկ Ցեղասպանութիւնը սոսկ ժամանակային այն ֆոնն (հեռանկար-Խմբ.) էր, որին դժբախտաբար զուգադիպել էր իր սիրոյ ժամանակը: Հօրաքոյրս այդ օրերին պատրաստւում էր ամուսնանալու եւ զբաղուած էր իր հարսանեկան հագուստը պատրաստելով: «Լիբրետօ Անապատի Համար» պօէմի իմ հերոսուհին նոյնպէս Ցեղասպանութեան պատճառով չհարսնացած կոյսն է, եաթաղանով ընդհատուած նրա անմեղութիւնը: Գիրքը նուիրում է Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն նահատակներին, յանձին հօրաքրոջս, որպէս խորհրդանիշը այն բոլոր կոյսերին, որոնց հարսնաքօղերը չհասցրին մտնելու եկեղեցի: Իմ հերոսը ֆիզիկապէս փրկուած, բայց այլեւս երջանիկ, զուարթ կամ արժանապատիւ զգալու հնարաւորութիւնը կորցրած մարդն է, ով ստիպուած է քարշ տալ իր գոյութիւնը, ապրել Ցեղասպանութեան մղձաւանջային երազներով, ամաչել «փրկուած»ի իր գոյութեան համար: Ինձ ամէնից շատ վախեցնում է մարդու յարմարուելը առանց խնդութեան եւ երջանկութեան ապրելուն, որը նշանակում է ոճրի ժողովրդականցում ու չարի առօրէականացում: Իմ խորը համոզմունքով, մարդը պէտք է պայքարի գեղեցկութեան, կեանքի վայելչագեղութեան ու անձնական երջանկութեան համար նոյն կրքով ու զոհաբերութեամբ, ինչպէս պայքարում է յանուն ազատութեան, հողի կամ հայրենիքի: Երջանիկ լինելը մարդու աստուածատուր իրաւունքն է: Մարդ սպաննելու մղումը այստեղ ատելութիւն չէ եւ ոչ էլ քաղցը կամ տեսակը պաշտպանելու բնազդ: Մղումի այս տեսակը գտնւում է մարդուց դուրս, ու սա է, որ ինձ վախեցնում է»:


Սոնա Վանի գործերում առաջին անգամ եմ հանդիպում Ցեղասպանութեանը՝ որտեղ հաշուարկուած զոհերի կողքին՝ երջանկութիւնից զրկուած անհաշուարկելի զոհեր կան, քանզի փրկուածն անգամ այլեւս անզօր է ապրել երջանիկ լինելու վայելքը, երջանկութիւնը, որը եւս մարդու աստուածատուր իրաւունքն է: Սա է առիթ տալիս մտածելու, որ մենք ինքներս՝ հայերս, դեռ չենք հասցրել հասկանալ ու պատկերացնել պատճառած ցաւի այն ահագնութիւնը, որի հետ արդէն հարիւր տարի է ապրում ենք:


Սոնա Վան. «Մեծ գործեր ստեղծելու համար Մեծ Եղեռնի միջով անցած լինելը անհրաժեշտութիւն չէ: Պայմանը մեծ գրող լինելն է միայն: Այնպիսին, ով կը կարողանայ իր երեւակայութեամբ վերստեղծել եւ կրթուած զգայարաններով ճշմարիտ վերապրել եղածը: Հաշուի առնելով ողբերգութեան այն տեսակը, որի նկարագրութեան համար անհրաժեշտ եղաւ բառարանում նոր բառ հնարել, ընդամէնը հարիւր տարին բաւարար ժամանակ է, որպէսզի հայ գրողը կարողանայ լիովին իր արեան ու երեւակայութեան մէջ ներծծել արհաւիրքը: Այդ առումով, հարիւր տարի անց, «յետ ցեղասպանութեան» գրականութիւնը կարելի է դիտել որպէս մեծ տրաւմայի (հոգեխոցի-Խմբ.) հոգեբանական եւ երեւակայական էվոլիւցիայի (բարե-շրջումի-Խմբ.) բնականոն արձագանգ, ու «մեծ գրող»ի առկայութեան պարագայում ՝ կոթողային մեծ գործերը դեռ նոր են ծնուելու: Ինչ խօսք, որ աշխարհի անտարբերութիւնն ու լռութիւնը խորհրդային եօթանասուն տարիների քօղարկող քաղաքականութիւնը եւս երկարաձգեցին այս ընթացքը, քանի որ ճշմարիտ գրողի միտքը, յատկապէս արձակագրի, իր մէջ աստուածային ֆունկցիա (դեր-Խմբ.) ունի՝ պատմութեանը փոխարինելու, երբ գրում է իրական թեմայի վերաբերեալ, որն իր արեան դեռեւս չճանաչուած ու չփոխհատուցուած ողբերգութիւնն է: Այս դէպքում հայ գրողի միտքը առաւել զբաղուած է դառնում կատարուածը ապացուցելով, ճչալով ու փաստերը մատնացոյց անելով, քան իր մեդիտատիւ (մտախո-հական-Խմբ.) լռութեան մէջ այն գեղարուեստական պատումի վերածելու: Ու հաւանաբար այդ է պատճառը՝ ճանաչուած եւ հատուցուած լինելը, որ հրեաները կարողացան աւելի ժամանակի՛ն ունենալ մեծ առումով իրենց «յետ հոլոկոստային գրականութիւն»ը, ու նաեւ այն, որ Հայոց Ցեղասպանութեան մասին գր-ուած մինչ օրս ամենամեծ եւ ամենառաջին գործերից է Ֆրանց Վերֆելի «Մուսա Լերան Քառասուն Օրերը» (արժեւորելով նաեւ Գ. Մահարու, Ս. Ալաջաջեանի եւ այլ հայ գրողների հրաշալի գործերը), օտար գրողի, որին տրուած էր ստեղծագործութեան արարման համար անհրաժեշտ դիտարկման գրողական օբյեկտիւութիւնը, ով դուրս էր ցաւի գենետիկ զգացողութիւնից եւ կարող էր լիովին տրուել երեւակայութեանն ու պատումին:


Քաղաքակիրթ աշխարհում դեռեւս շարունակուող ցեղասպանութիւնների եւ պատերազմների իրականութեան մէջ Սոնա Վանի պօէզիան իր մտածողութեան, պատկերների եւ հայեացքի իւրօրինակութեամբ նոր ու կարեւոր հարցադրումներ է առաջ քաշում՝ յատկապէս կանացի ինքնութեան ու զգացական անշօշափելի, բայց նոյնքան իրական աշխարհի շուրջ, որը հայ պօէզիայի «ամօթխած» լինելու պատճառով յաճախ ստուերում է մնացել: Սոնա Վանի գործերում կինը վերափոխւում է մօր, սիրուհու, կնոջ միստիկ (խորհրդաւոր-Խմբ.), պաշտելի ու միաժամանակ տեսանելի կերպարների, որոնք շարունակում են մնալ ծանօթ ու ընդունելի: Խաղաղ ընտանիք հաստատելու կանացի բնազդին զուգահեռ՝ Սոնայի հերոսուհիները նաեւ սեփական երջանկութեան, ինչպէս Երկիր մոլորակ-տան խաղաղութեան ու արդարութեան պատասխանատուութիւնն ունեն:

Սոնա Վան. «Պատերազմ բառը պիտի ամէն կերպ ջնջել մարդկային յիշողութիւնից այնպէս, որ այն լսողի մօտ աբսուրդի զգացողութիւն առաջացնի, իսկ մինչ այդ պատերազմներն ու ցեղասպանութիւնները կը շարունակուեն: Փոխարէնը, մեր օրերում պատերազմ բառը ոչ թէ չի տարւում մոռացութեան, այլ դրւում է այնպիսի բառակապակցութիւնների մէջ, որ բարու ու գեղեցիկի ասոցացիաներ (զուգորդութիւններ-Խմբ.) են ծնում մեր ուղեղներում՝ այդպիսով յաւէրժացնելով չարը. օրինակ՝ վարդերի պատերազմ, սրբազան պատերազմ, եղբայրական ռումբեր եւ այլն: Մինչդեռ պատերազմը ինքնին միայն տխեծութիւն է, իսկ տխեծը գեղեցիկի եւ վեհի հետ կապակցելը շփոթեցնում է մարդու բարոյական մեխանիզմը՝ չարը, տգեղը, ոճիրը մեխանիկօրէն մերժելու նրա աստուածատուր բնազդը, ապականում նրա բարոյական յիշողութիւնը: Պատերազմը համասփիւռ դեւ է, իսկ դեւն արդար ու անարդար չի լինում: Սա բառի, որպէս Աստծոյ, որպէս ամենայն ինչի սկզբի խեղաթիւրում է նշանակում եւ լաւ հետեւանքներ ունենալ չի կարող: Բանաստեղծի խնդիրն է թոյլ չտալ, որպէսզի աստուածային սկիզբը՝ բառը, դուրս բերուի միանշանակութեան իր պօէտական դրախտից եւ տեղափոխուի շահի ու քաղաքականութեան դաշտ, ծառայի պատերազմի մսաղացին: Սա դէպի քաոս տանող միակ ճանապարհն է»։


Ինչ վերաբերւում է պատերազմի ու Ցեղասպանութեան շուրջ Սոնա Վանի անձնական զգացողութեանը՝ բանաստեղծօրէն նա յայտարարում է. «…Տարին ութ հազար ամերիկացի ու վետերան է մահանում պատերազմի ու աձնասպանութեան հետեւանքով…», եւ շտապելով անմիջապէս յայտնել այդ թուի մասին, ինֆորմացիայի իր աղբիւրը՝ TV լրատուութիւնը, խոստովանում է. «…Այլապէս ես թոյլ եմ մաթեմից / եւ անգրագէտ լրիւ/ պատերազմի հարցում / ես այն չեմ ընկալում /ընդ-հան-րա-պէս…»:


Սոնա Վան. «…Իսկապէս, չե՛մ ընկալում: Թւում է, թէ այլեւս չկան ցիկլոպներ, դեւեր ու վիշապներ, բայց չգիտես ինչու մեր տղաները շարունակում են չվերադառնալ: Ես պարզապէս երազում եմ այն աշխարհի մասին, որտեղ ո՛չ մէկը չի կարող ընկալել պատերազմի ֆենոմենը, որտեղ հող զաւթելը նոյնքան անհեթեթ կը հնչի, որքան արեւ կամ լուսին զաւթելը: Թերեւս ինձ ամէնից շատ վախեցնում է տառապանքին, վայրագութեանը եւ յատկապէս գեղեցկութեան եւ երջանկութեան պակասին յարմարուելը, որն այնքան ձեռնտու է նորօրեայ վիշապներին եւ ցիկլոպներին, որոնց մինչ օրս կիսաստծոյ պէս են ընդունում մեր մայրերը, նրանց ոտքերի տակ զոհելով իրենց զաւակներին՝ մինչդեռ ինչպէս Ֆենելոնն էր ասում՝ «նրանք ոչ թէ կիսաստուածներ չեն, այլ իսկի մա՛րդ էլ չեն…»։

Նշենք նաեւ, որ գիրքը տպագրւում է Թուրքիայում թուրք հրատարակիչ, Մարդու իրաւուքների պաշտպան Ռաջիբ Զարաքօլուի նախաձեռնութեամբ եւ արդէն թարգմանուել է իննը լեզուներով: Գիրքը տպարան իջեցնելուց առաջ, ծանօթանալով անգլերէն տարբերակի թարգմանիչ, դոկտոր Շուշան Աւագեանի թարգմանութիւններին, Միացեալ Նահանգների կոնգրեսական, Հայ Դատի պաշտպան Ադամ Շիֆը փոխանցեց իր կարծիքը. «Սոնա Վանի ուրուականի պէս հետապնդող ու գեղեցիկ պօէզիան դիւթում է՝ միաւորելով հզօր պատկերներ, անապատի աւազների տակ կորած հոգիների մասին… եւ ի զօրու է կրթել եւ տրանսֆորմացնել (ձեւափոխել-Խմբ.) աշխարհի մարդկութեան միտքը պատմութեան այս ամենամութ էջի մասին»: Աշխարհահռչակ ցեղասպանագէտ Եաիր Աուրոնը էլեկտրոնային փոստով ուղարկել է իր խօսքը‘ խնդրանքով, որ այն զետեղուի գրքի վերջին էջում. «Ընթերցելով Սոնա Վանի զգայացունց (սարսուռ առաջացնող) բանաստեղծութիւնները, իմ հայ եղբայրների եւ քոյրերի հետ կիսում եմ Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքի պատճառած վէրքն ու ճանաչում դրա մերժման պատճառով առաջացած տրաւմայի իրողութիւնը»:


Պատմութիւնը գրւում է յաղթողների կողմից եւ լի է չոր փաստերով ու թուերով, իսկ մարդկային ողբերգութեան ու մարդկային վիճակների մասին մենք իրազեկ են դառնում ճշմարիտ բանաստեղծի տողերում: Նրանց է վերապահուած շարունակելու ականատեսների այն ողբերգական, տառապալից, կարկամած պատմութիւնները, որոնց արտայայտման համարձակութիւն ձեռք բերելու համար հարիւրամեակ էր հարկաւոր…


Պատրաստեց՝

ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

http://asbarez.com/arm/228135/Սոնա-Վանի-Լիբրետօ-Անապատի-Համար-Գրք/

bottom of page