top of page

Պատմություն, որ դառնում է նաև ուրիշների պատմությունը

… Ժամանակի բնական զգացողություն, որ


ավելի ճշգրիտ է, քան պատմական ժամանակը…


Իլյա Ֆալիկով


(բանաստեղծ-քննադատ)



Կայսրությունների մայրամուտից հետո մայրաքաղաքները ամենևին չեն կորցնում քաղաքական, մշակույթների, որպես արվեստի կենտրոն` իրենց մենաշնորհային փառքը: Այդ առումով Ռուսաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ աշխարհի բազմակողմ զարգացումների կիզակետերից մեկը` խայտաբղետ, եռացող իր նկարագրով` երես առած, ամեն ինչ տեսած, արցունքների չհավատացող մեգապոլիս Մոսկվան: Հանաք բան չէ նման մթնոլորտում գնահատանքի արժանանալը:


Մայիսի 24-ին Մոսկվայի «Բիլինգվա»  ճանաչված մշակութային ակումբում կայացավ Սոնա Վանի երեք գրքերից ընտրված, ռուսերեն` «Զուգահեռ անքնություններ» ժողովածուի շնորհանդեսը: Իսկ մեկ ամիս անց` հունիսի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության և Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Երևանում ևս նշվեց վերոհիշյալ գրքի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում Սոնա Վանի բանաստեղծությունները ընթերցեցին ասմունքի վարպետներ Սիլվա Յուզբաշյանը և Ազատ Գասպարյանը:



- Սիրելի Սոնա Վան ներկայացրու ռուսերեն գրքիդ ծնունդը մի կողմ թողնելով համեստությունը, որը տվյալ դեպքում կլինի ժամանակի զուր վատնում, քանզի հայտնի է, որ հրատարակությունդ ներկայացնողների թվում էր ոչ այլ ոք, քան հայ ժողովրդի մեծ բարեկամ, իր անաչառությամբ հայտնի, մեծ գրող Անդրեյ Բիտովը, ուրեմն պետք է ենթադրել, որ պոեզիադ արժանացել է նրա ուշադրությանը, որն արդեն իսկ բավարար է, որպեսզի ռուս ընթերցողը ևս ընդունի և սիրի քո բանաստեղծական աշխարհը: Որպես հայ գրող, ով արդեն երեք տասնամյակ ի վեր բնակվում է ԱՄՆ-ում, քեզ համար ինչո±վ է արժևորվում հատկապես ռուսալեզու թարգմանությունը:


- Ռուսերեն լեզուն իմ կյանքում պոեզիայի առաջին լեզուն է եղել այն պատեհությամբ, որ մեր բակում իմ առաջին ընկերները ռուսալեզու էին, իսկ Լիլիան` իմ ամենամտերիմ ընկերուհին, բանաստեղծության խենթ էր ու մենք հաճախ միմյանց հետ տողեր կրկնելով ճեմաքայլ իջնում էինք Կիևյան փողոցից մինչև Օպերա: Մեզանով հետաքրքրվող տղաները հաճոյանալու համար սիրային նամակները ոտանավորներ էին գրում, տպավորություն գործելու, հաճախ այն արտագրելով որևէ հայտնի բանաստեղծի գրքից: Մենք սխալների ուղղումից հետո հաճախ դրանք ետ էինք վերադարձնում` խոստանալով հանդիպել, բայց ոչ թե իրենց, այլ քառատողի իրական հեղինակի հետ: Ինչ լա¯վ եմ հիշում այդ օրերի զվարթությունը: Հավատալով, որ պոեզիան նախ և առաջ լեզվակա՛ն արարք է, և թարգմանությունը այն վնասելու կամ անկենդան դարձնելու վտանգով է հղի նաև, այնուամենայնիվ ինձ շատ էր հետաքրքրում աշխարհի գրականության դեռևս չգերազանցված հայրենիքի` Ռուսաստանի, ավելի շուտ ժամանակակից ռուս գրողի կարծիքը իմ  «արարքի» նկատմամբ: Թեկուզև կորուստներից հետո, կամ ջախջախիչ քննադատության հնարավորության ահով: Ես հայրենիքում մերժվածի կարգավիճակ երբևէ չեմ ունեցել, մինչև իսկ ինձ որպես «ամենաշատ գրախոսված գրող»  են ներկայացրել հաճախ. այնպես որ նպատակը սոսկ կոնկրետ ա՛յդ լեզվի, ա՛յդ գրականության կրողի կարծիքն էր, ու երբ առիթը ընձեռվեց, թարգմանություններս (ինձ` անշահախնդիր, պարզապես իմ աշխարհը սիրելով թարգմանել էին արդեն մի քանիսը` Մարինե Արշակյան, Անահիտ Խաչատրյան, Կարինե Լազարևա, Վալերիկ Մեսրոպյան…) ներկայացրի նախ «Կուլտուրա» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բելյավսկուն, ապա, համարյա մի քանի օրվա տարբերությամբ, նաև Անդրեյ Բիտովին: Նրանք երկուսն էլ միմյանցից անկախ ինձ խրախուսեցին ներկայանալ ռուս ընթերցողին, վստահ լինելով, որ` «…ընթերցածը ճշմարիտ բանաստեղծություն է, որը անպայման պիտի հուզի ընթերցողին, որ սրանք ինքնատիպ գործեր են, որոնք արժանի են ինքնուրույն ճակատագրի…»: Հիշում եմ այն ուշադրությունը, որով Անդրեյ Բիտովը ընթերցում էր իմ գործերը` թեյի սեղանի շուրջ, ու թե ինչպես դրանք խնամքով ետ դրեց թղթապանակի մեջ և դարձավ իր գրքերի խմբագրին` Աննա Բերդիչևսկայային. «զբաղվիր սրանցով… սրանք բանաստեղծություններ են»: Ընթացքում տպագրվեցի նաև «Օրիոն» հեղինակավոր պարբերականում, ճանաչված բանաստեղծ-քննադատ Յուրի Ֆալիկովի թարգմանությամբ ու նախաբանով: Ապա «Նովի միր» ամսագրում, գրքի հիմնական թարգմանչուհի` ռուսաստանյան «Պոետ» բարձրագույն մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայայի թարգմանությամբ, ու հետո` «Դրուժբա նարոդով» ամսագրում` բանաստեղծուհի Մարինա Կուդիմովայի առաջաբանով ու թարգմանությամբ: Գիրքս հրատարակվեց «Արսիս» հրատարակչության կողմից (ի դեպ Ա. Բիտովի վերջին գրքերը ևս հրատարակվել են այստեղ և բնականաբար հրատարակչի, ով գրող չէ, վստահության պատճառը նաև սա՛ էր): Շնորհանդեսը տեղի ունեցավ «Բիլինգվա» մշակութային ակումբում: Գիրքը ներկայացրին խմբագիրս` Աննա Բերդիչևսկայան և Անդրեյ Բիտովը, գիրքս արժևորելով որպես վերաբերմունք ճշմարիտ պոեզիայի հանդեպ և երկաթե վարագույրի փլուզման հետ խաթարված թարգմանական արվեստի վերադարձը նախանշող գրական-մշակութային իրադարձություն: Հպարտությամբ կարող եմ ասել, որ գիրքս գինով օծել են վերոհիշյալ բոլոր ամսագրերի խմբագիրներն ու թարգմանիչները, բացառությամբ հիմնական թարգմանչից` Իննա Լիսնյանսկայայից, ով երկրից բացակայում էր և փոխարենը ինձ ողջույն էր ուղարկել տեսաերիզով, որտեղ ոչ միայն արժևորում էր իմ պոեզիան, այլ նաև հրաշալիորեն ընթերցում էր իմ բանաստեղծությունները: «Եթե առողջությունս ների, ես կգամ Երևան և մի օր բեմից կընթերցեմ այս բանաստեղծությունները» հաղորդել էր մեծ բանաստեղծուհին խմբագրիս միջոցով: Տեսագրության մեջ նա խոստովանում էր, որ միշտ դեմ է եղել թարգմանել ազատ բանաստեղծություն (բանաստեղծուհի Իննա Լիսնյանսկայան հայտնի է դասական տաղաչափությանը հավատարիմ լինելով), բայց ընթերցելով իմ գործերի տողացի թարգմանությունները, ինչպես ինքն է ասում` «հոգիս բոցավառվեց և ցանկացա, որ դրանք հնչեն նաև ռուսերեն լեզվով»: Ո՞ր բանաստեղծի սիրտը չէր շոյվի այսպիսի նվիրումից, այսպիսի մեկ այլ կին գրողի սրտի մեջ այսուհետ ապրելու զգացողությունից: Սա այն եզակի դեպքերից է, երբ «իրականությունը ասելը» և «համեստ լինելը» անհնարին է համատեղել, առանց վտանգելու ճշմարտությունը:


- Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացած շնորհանդեսի ժամանակ հիմնական բանախոս գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը քեզ ներկայացրեց որպես պոեզիայի թագուհի, որպես մեր օրերի մի նոր Սաֆո, ով անտիկ ժամանակների հայտնի, մեծահամբավ, առաջադեմ կին-բանաստեղծ լինելով առաջնորդել է ազնվազարմ կանանց խմբեր, երգել է գեղեցկություն, սեր ու վայելք, ունեցել է իր անշփոթելի գրական ոճը: Ի՞նչ զգացողություններ է ծնում նման զուգահեռը, երբ համաշխարհային մշակույթի պատմության մեջ անգամ, հայտնի կանանց անուններ սակավ են հանդիպում:


- Թվարկածդ հատկանիշները կցանկանար կրել յուրաքանչյուր բանաստեղծուհի, բայց քանի որ համեմատությունը անցկացրել է անվանի գրականագետը, կարծում եմ, որ նա ունի ի°ր մեկնաբանությունը: Իսկ ինձ ամենից շատ հիացնում է Սաֆոյի պոետական երևույթի երկարակեցությունը: Հրաշք է չէ՞, որ նրա անունը դեռ հիշվում է:


- Գրական գործիչների մեծ մասը ի սկզբանե, կամ ինչ-որ ժամանակ անց սկսում է ստեղծագործել միաժամանակ գրական տարբեր սեռերով` արձակ, պոեզիա, դրամատուրգիա կամ անցում է կատարում մեկից մյուսին: Կա± նախադրյալ, որ վաղը կլինես նույնքան հայտնի արձակագիր կամ հատկապես դրամատուրգ, քանզի քո բանաստեղծությունները հաճախ դրամատիկ կառույց ունեն, լի են շարժումով, խաղով և գուցե դրանցից շատերը կարելի է բեմականացնել: Ինչպե՞ս ես ընտրում ասելիքիդ ձևը:


- Ասելիքս ինքն է ընտրում իր ձևը: Այս առումով ես գրական տեսակներից մեկը կամ մյուսը ընտրելու խնդիր չունեմ: Ինձ համար բանաստեղծությունը մի ամբողջական շնչառական ակտ է, որը հնարավոր չէ երկարաձգել կամ հետաձգել: Այս դեպքում ողջ մնալու խնդիր կա, որը բնազդային է: Մինչդեռ արձակ կամ դրամատուրգիական ստեղծագործությունը ձգձգվում, երկարում է, ինչպես կյանքը: Դրանք վերջացած տեսնելու, մինչև իսկ կարճատև ցանկությունը կյանքի ավարտի վախ է ծնում իմ մեջ: Ես դրանք բնազդաբար ձգձգում եմ: Թող մի քիչ էլ ապրեն իմ հերոսները, թող հնարավորություն ունենան ավելի բարիանալու, անգամ դավանափոխ լինելու: Ո՞վ է ընկել նրանց ետևից: Նոր ֆիլմ դիտելու նման ինձ համար հետաքրքիր է նրանց անակնկալ, երբեմն ընդդեմ ինձ մետամորֆոզը:


- Հայտնի է, որ հինգ տարի ի վեր քո, ավելի շուտ ամուսնուդ` բժիշկ Նուբար Ջանոյանի հովանավորությամբ լույս է ընծայվում «Նարցիս» մշակութային պարբերականը, որն արդեն իսկ դարձել է մշակութային Հայաստանի հայելին ու հայ գրողի, մտավորականի ու արվեստագետի սպասված հյուրը: Ամսագրի մշտական անձնակազմը (գլխավոր խմբագիր Վահան Վարդանյան, պատասխանատու խմբագիր բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյան, նկարիչ ձևավորող Կարեն Մկրտչյան և գրաքննադատ Արմեն Ավանեսյան) պատվով է կատարում իր առաքելությունը, ընթերցողին ուղղորդելով դեպի հայ և համաշխարհային ժամանակակից գրականության ու գրաքննության բնագավառ, այս ամենով հանդերձ վիճահարույց թողնելով միայն վերնագրի ընտրությունը: Ինչո՞ւ հենց «Նարցիս», երբ այն նախ և առաջ զուգահեռվում է ինքնասիրահարվածության հետ: Երբևէ խմբագրակազմը չի զղջացել այս անվանումի համար:


- «Նարցիս» անվանման մտահաղացումը բացառապես իմն է: Ինքնասիրահարվածությունը, որը առասպելական Նարցիսի ֆենոմեններից միայն մեկն է (առասպելը ներկայացնում է նաև մետամորֆոզի, ներհայեցումի, մենությունը հաղթահարելու, մեկ ուրիշի սիրո տարածքը ներթափանցելու հնարավորություններ), ինքնին անհրաժեշտ է արվեստագետին, պայմանով, որ նա ոչ թե սիրահարվի ինքն իրեն, այլ իր մեջ արծարծվող արվեստին: Այլապես անգամ հարգալից չի լինի մեկ ուրիշին ներկայացնել մի բան, որով դու` արարողդ անձամբ այնքան էլ հմայված չես: Ուրախ եմ, որ հայ ժամանակակից ամենահեղինակավոր անձանց կարծիքով «Նարցիսը» վերջին տարիների ամենամեծ մշակութային զտիչն է, որով կամաց-կամաց զուլալվում են գրական «ջրերը»: Բազմաթիվ կարծիքներից սիրտս ամենից շատ ջերմացնում է մեր փառահեղ կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյանի դիտարկումը, Լոս-Անջելեսից Հայաստան վերադառնալու նախօրեին, երբ մի նոր «Նարցիս» նվիրեցի նրան` ասաց. «Երբ հիշում եմ, որ Հայաստանում «Նարցիս» կա, ավելի է հեշտանում այս վերադարձը, այս երկար ճանապարհի միտքը»: Այն օրերին, երբ ամսագրերի հրատարակիչները զբաղված էին փայլուն, արհեստական, թիթեռի կյանք ունեցող «աստղիկներ» բուծելով, իսկ «Գարուն» գրական ամսագիրը, որով սերունդներ են սնվել, գամված էր անկողնում մահամերձի կարգավիճակով (ի դեպ այս վիճակը պետական ոչ բավարար հոգածության արդյունք է նաև), և գրական-մշակութային մամուլի դաշտը կաթվածահար վիճակի մեջ էր, «Նարցիսի» ծնունդը հրամայականի ուժ ուներ: Այսօր ամսագրի շուրջ համախմբված են ազգի լավագույն մտավորականները, ինչպես նաև նրանք, ովքեր գտնվում են հայրենիքից հեռու: Ավելի քան 25 լեզուներից հատուկ «Նարցիսի» համար կատարված թարգմանությունների շնորհիվ հայ գրողն այսօր իր ձայնը կարող է լսել համաշխարհային գրականության աստղաբույլում: Ցանկությունս է, որ ամսագիրը մի օր դառնա ինքնաբավ, ապահովելով իր գոյությունը հովանավորող անհատի երկարակեցությունից անդին:


- Ըստ աշխարհի 100 իմաստունների, մարդկության պատմության ընթացքում ամենաարժեքավոր գիրքը Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպն է: Ինքս այս մասին իմանալուց հետո իմ հարցումներն եմ կատարել, որին հետևել է մեն-մի պատասխան` Աստվածաշունչ: Իսկ քո  կարծիքը:


- Թույլ տուր համաձայնել, փոքր-ինչ ճշտելով հերթականությունը: Թեպետ այդպես էլ կարելի է թողնել, քանի որ եզակի լինելու պատճառով Աստվածաշունչը որևէ մրցակցությունից դուրս է: Այնուամենայնիվ մտածել է պետք, իսկ այսօր շատ շոգ է դրա համար:


- Այնուհանդերձ, կարծես մարդն այսօր հոգնել է նույնիսկ մտածելուց, անհանգստանալուց, իր գործած չարիքների, ավերածությունների, բարոյալքության հետևանքների համար տագնապելուց: Այդ դեպքում կարե՞լի է մտածել, որ մարդկությունը սրընթաց գնում է խոսակցական լեզվով ասած` «վա բանկ», և այն էլ այնքան արագ ու հուսալքված, որ «իսկի ետ էլ չի նայում»:


- Ամենայն չարիքի պատճառը հենց այդ «իսկի ետ չնայելն է»: Ասված է հենց Աստվածաշնչում: Աստված նայեց ու տեսավ, որ լավն է իր արածը, ու… այսինքն, նայել դեռ տեսնել չի նշանակում: Ետ նայել- տեսնելուց, տեսածդ արժևորելուց հետո է միայն կարելի անցնել հաջորդ քայլին: Համատարած այս ժխորի մեջ, որտեղ խոսողը երբեք չի՛ անդրադառնում իր ասածի լավի կամ վատի, իր արարքի հետևանքի, պատասխանատվության, մեղքի ու պատժի իրողության վրա, ամեն բան վերածվում է կպչուն, անհասկանալի խառնահունչ ձայների, համարյա ինչպես մղձավանջ հիշեցնող հանրային բաղնիքում` մանկությանս հիշողության մեջ. մերկություն` առանց ամոթի, խոսք` առանց լսվելու կարևորության` խիտ գոլորշու պատճառով ստեղծված իմպրեսիոնիստական անհստակության հարուցած անպատժելիության զգացում: Ցավոք սրտի, հոգու ու նյութի խաթարված նժարների մեր օրերում, երբ նյութը կերել է շատերի հոգիները և մայթերը լի են կենդանի թվացող մեռած հոգիներով, ամեն տրամաբանական ճիգ, լինի դա արվեստագետի` գրողի, թե որևէ մտահոգ, մտածող մարդու, պիտի ուղղված լինի մարդուն իր էությանը վերադարձնելը, մարդու և մարդու միջև աստվածահաճո ազնիվ զրույցի հնարավորության աուրա ստեղծելը: Թող, ինչպես Աստվածաշնչի մեջ է` «մեռածները թաղեն մեռածներին», իսկ մենք` ողջերս, եկեք ձեռք-ձեռքի բռնած պարենք մեր մարդկային ընտանիքի կորագծով, թեկուզ վերջին անգամ, թեկուզ մահվան պարը, բայց ձեռք-ձեռքի, բայց պարենք… խնդրո~ւմ եմ: Ես այդ փորձում եմ անել տողերիս մեջ` «… Ես բալետ եմ զգում քո տողերի մեջ, պար...», մի անգամ ինձ բարձրաձայնեց սիրելի մի մտածող մարդ` գրող Վարուժան Նալբանդյանը: Իրոք, Միլտոնի նման ես ևս սիրում եմ ամեն բան, որ շարժում է վկայում, որ հոսում է, որ շարունակություն է ենթադրում, որ անակնկալի խոստում ունի իր մեջ ճագած պտուկից սեղմելով դուրս պզզացող կաթը, ինչպես պոետիկ տողը, լավան, արյունը, պտղաջուրը, մրմռոցով դուրս հոսող մեզը, մինչև իսկ ամսականի արյունը, որը հորդում է իր հետ տանելով չբեղմնավորված ձուն:


- Ասում են տառապալից է արվեստի ճանապարհը, թեպետ տաղանդը կամ հանճարը դիտվում է որպես աստվածային շնորհ, որը ենթադրում է անճիգ ու ինքնաբուխ ընթացք, իսկ որոշ արվեստագետներ ստեղծագործության պահը ներկայացնում են իբրև վերից կատարվող թելադրանքի արձանագրություն: Համառոտ, ինչպե՞ս կձևակերպեիր ճշմարիտ կամ աստվածային ստեղծագործության երևույթը:


- Տառապանքի, համբերության ու մենության ճանապարհով վաստակած աստվածայնություն: Երևի թե այսպես: Ամեն հաջորդ քայլ դեպի բարձրագույնը տառապանքի ավելի մեծ քանակ է պահանջում և այդ առումով սխալ չէ հոգևորի ճանապարհը անվանել տառապալից: Արվեստագետը բնազդով զգում է, որ սեփական ես-ին ու կյանքին ամեն գնով կառչելը տանում է դեպի հավիտենական մահը, մինչդեռ ինքդ քո մեջ մահանալու ուժ ու համարձակություն գտնելը նույն ես-ին տանում է կատարելության, անմահության: Պարզ ընթերցողը հակված է անչափելին սովորական աչքով չափելու, մինչև իսկ ուսուցչի պես բացատրելու այն, ինչ ինքնին անբացատրելի ու անկանխատեսելի է ինչպես տարերքը: Կարծում եմ հանցանք է աստվածատուրի տակ չտեսնել նաև տառապանքով վաստակվածը, հոգու մենության և երբեմն անտեսանելի տառապանքի եզակիությունը, որով առավելագույնս պայմանավորված է


արվեստագետի մեծությունը, մինչև իսկ, եթե նա մարդկայնորեն մանկամիտ թվացող, զվարթ ու տարօրինակ ծիծաղող Մոցարտն է:


- Թարգմանել ես արդեն բազմաթիվ լեզուներով (ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, մինչև իսկ աբխազերեն` ինտերնետից տեղեկացա) և բոլորն էլ թարգմանիչների նախաձեռնությամբ: Ձեր բանաստեղծական աշխարհը ինչո՞ւ է այդքան հմայում օտարալեզու ընթերցողին: Ի՞նչն է հարազատ նրան: Ինչպե՞ս է պատահում, որ գրողի պատմությունը դառնում է նաև մեկ ուրիշի պատմությունը: Օտարության մեջ 30 տարի ի վեր բնակվող Ռուսաստանում գրական «Վերլիբրի»  նոր տեսակով հայտնի Սոնա Վան պոետը ինչպե±ս է վերաբերում աշխարհի այսօրվա անհոգի իրականությանը: Հույս ունե՞ս, որ այն երբևէ կփոխվի: Ի՞նչ է այսօրվա աշխարհը բանաստեղծի աչքերով:


- Աշխարհը իմ քայքայվող մարմնի հայելային արտացոլանքն է, ու զուր է դրանում որևէ մեկին մեղադրել: Մահն անվերջ գալիս է տարբեր դեմքերով ու ձևերով: Սև մահը` ժանտախտը եկավ խաչակիրների հետ: Սիֆիլիսը եկավ Կոլումբոսի հետ: Ճշմարտությունը, կյանքը ևս կգա մի օր… Աստծո Որդու վերադարձի հետ, որ այլմոլորակայինների գալուստի պես անվերջ հետաձգվում է: Առայժմ ես երջանիկ եմ նրանով, որ պարանոցիցս վեր մարմինս դեռ կարողանում է երազել: Խոսքը հույս ունենալու մասին չէ: Հույս ունենալ, նշանակում է հրաժարվել պատասխանատվությունից, հավատալ, որ ինչ-որ մեկը կարող է անել այն, ինչ ինքս չեմ կարողացել, նշանակում է հավատալ հրաշքի ու այն էլ ավելի լիարժեք հրաշքի, քան Քրիստոսը ի զորու եղավ կատարելու: Ես նախընտրում եմ չմտածել «հույս ունենալու» մասին, քայլել փողոցով և թույլ տալ, որ օզոնազուրկ օդը մինչև վերջ ավերի մաշկս, ներծծվի արյանս մեջ, քանդի ամեն բան: Այսօր մաշկս ավելի շատ, ուզում է ենթարկվել, քան դիմադրել: Դրա արդյունքում է ծնվում ինտենսիվ ապրելու զգացողությունը, ու երբևէ չի պատահել, որ ես ինձ մի պահ անգամ զգամ միայն որպես կին, կամ միայն որպես մայր, մինչև իսկ միայն որպես բժիշկ: Ես միշտ ապրում եմ բազմաթիվ ես-երի և հակադարձ հոգեվիճակների զուգահեռներով և կդժվարանայի ասել, թե ես ո՞վ եմ ավելի շատ այս վայրկյանին: Ճիշտ այնպես, ինչպես կդժվարանամ ասել, թե այդ բազմաթիվ կանանցից, որ ապրում են իմ մեջ, որ մեկի հոգին է արդյոք գնալու դրախտ: Երևի այդ է պատճառը, որ իմ պատմությունը դառնում է նաև ուրիշների պատմությունը:


Բանաստեղծի հետ զրուցեց Սամվել Սմբատյանը:

bottom of page