top of page

ՉԱՓԱԶԱՆՑԻ ՊՈԵՏԱԿԱՆ ԿԱՐՈՏ

Ա~խ եթե դու չլինեիր այդքան հեռու

ու ես այսքան բաղաձայն չլինեի

կվերցնեի կիթառս ու կերգեի

անչափ հուզական մի կարոտի երգ

բայց դու հեռու ես

իսկ ես պոետ

սրտիս մեջ կարոտ կա չափազանցի

ես այսօր ուզում եմ քնել

առատորեն ձյուն թափող երկնքի տակ

չափազանց վարարած մի գետի ափին

շատ շռայլ ու շատ խորը մի մարդու հետ

այ եթե դու չլինեիր այդքան հեռու

ու ես չլինեի այսքան պոետ

Ջուլիետ կխաղայի քեզ հետ բեմի վրա

նամակներ կուղարկեի դայակիս հետ

պատշգամբից կախված կսպասեի

ներս կգայի ու հուսահատ կարտասվեի

մեծ-մեծ արցունքներով` նրա ուսին

փոխարենը սրտիս մեջ անչափ թախիծ

առատորեն ձյուն թափող երկնքի տակ

թերթում եմ միտքս

արդեն պառկած

սարսափելի վարարած մի գետի ափին

ուրախ վերջաբանները պատահում են

միայն անկողնու մեջ ու հեքիաթում

շրջվում-համբուրում եմ աչքերս փակ

շատ տգեղ մի գորտի

ու սպասում

չափազանց միամիտ աղջնակի պես

հ.գ. որքա~ն ավելի կանաչ է թվում

իմ մենությունը գետի այն ափին


bottom of page