Հայր քո մահվանից հետո
ես փնտրեցի մի բան
որ նույնքան ունայն լինի
որքան կյանքը
սակայն առանց ցավի
ու գտա խաղն այս
ես շարում եմ բառերը շխկշխկան
ինչպես մանկական խաղալիքներ
նախապես զնգացնելով դրանք ականջիս տակ
ստանալով կամ կյանք
կամ մահ
երեկ ես հանդիպեցի սատանային
որն ինձ անկողին առաջարկեց
խոստանալով
որ կփրկի կյանքը սիրեցյալիս
ու ես երգեցի Visse d’arte - խոր դեկոլտեով
Տոսկայի արիան ի պատասխան
կրակոց ու
սիրածս մահացավ այդ ընթացքում
որտե՞ղ եմ սխալվել ես հայր
ես ուրիշ ձեւ չգիտեմ բանակցելու
ինձ փոխել չի լինի
ճիշտ էիր դու
նույն փոքրիկն եմ իմասածի– չե՞ս տեսնում
շարում եմ կրկին իրար վրա
միեւնույն բառերը ավազի մեջ
ստանալով դղյակ իր արքայազնով
ապա թողնում եմ ու հեռանում
դժգոհ
բայց առանց ափսոսանքի
ինչպես ծովափից կանչված աղջնակ
ում կտրել են սիրած խաղից
շատ կարեւոր
մի տխմար մայրամուտի պատճառով
սովորական