top of page

… ԵՎ ԲԱՌՆ ԷՐ ԱՍՏՎԱԾ

(սա է իմ ծրագիրը Քեզ համար, Հա՛յր)

Ամանորյա հրաշք – նորից կույս եմ

բացում եմ դուռը ու արեւաչ

առավոտն է ներս ընկնում ոտաբոբիկ

(իր բիզ-բիզ շողերով պսակի մեջ)

իսկ քիչ անց ծնվում է Բառը

մսուրի տաք օդի մեջ

կրծոսկրիս տակ

նախնական - ինչպես սաղմ

ու իջնում վար

հիմա այն ընդերքիս մեջ է

ձեռքս վրան դրած – հայացքս վեր

ես զգում եմ ոսկրանալը նրա հետզհետե

մի փոքր էլ ու դուրս կսահի այն

հայտնվելով

ազդրերիս միջեւ – սահուն ինչպես գլան

սահունը այստեղ ածական չէ

այլ ապրելու պայման

որպեսզի

(փոշմանելու դեպքում)

հեշտ լինի այն ետ հրել միանգամից

առանց վնասելու կամ թողնելու

որ սպանի նրան մեկ ուրիշը խաչի վրա

տարին մոտենում է ավարտին իր

ես սիրում եմ արեւը ձմեռային

թեեւ պատրաստ եմ համտեսել նաեւ փոշին

իսկ մինչ այդ ցնցվելու եմ մինչեւ ծնեմ

կորած Բառ-բանալին քարանձավի

որպեսզի ազատեմ Աստծուն

անօդ

նեղ ու

անհորիզոն

հին մարդու մտքի բանտախցից

ու ասեմ

գնա՛ Հայր ազատ ես Դու

ուր ուզում ես գնա

ես ի՞նչ գիտեմ

Ա- ԶԱ -ՏՈւ-ԹՅՈՒՆ կրկնե՞մ

որն ըստ հորս

լինում է միայն անհատական

եթե ոչ Քո լույսը ինձ պահում է

պարտության ու մեղքի մեջ անվերջորեն

հ.գ. գնա՛

իսկ մեր կապին ես վստահում եմ

ինչպես ցանկացած կապի

որ ինքս եմ անձամբ նախաձեռնել

վստահի՛ր ծրագրին իմ Հայր

ամեն բան լավ կլինի

Դո՛ւ որ

իրավունք չունես դժգոհելու

– սիրի՛ր թշնամուդ ու ամեն գիշեր

անկողին մտիր հուսախաբված

սա չէ՞

Քո՛ ծրագիրն ի՛մ կյանքի համար


bottom of page