top of page

(վատնված «մեկ հարցի իրավունքի» մասին)

Աստված

պարան է սովորական

հայրս ասում է

որ մեզ իրար է կապում ինչպես կույրեր

ու երբ մի օր

Տերն ի՛նքը հայտնվեց աչքիս առաջ

ես հարցրի զվարթ

– ինչո՞ւ երբ Ջոն

ա՛յ այսպես փչում է դեմքիս

ցրելով ճակատիս մազերը

ա՛յ հենց այդպես

դրանք ինձ սկսում են թվալ անիրական

անբնական-թեթեւ

ես կասեի օտար

բմբուլ

համարյա թե

մի՛ վախեցիր Հայր – հիմա կանցնի

հ.գ. փոխարենը կարող էի չէ՞ Նրան տալ

հարցը մեծ եղբո՛րս

գերազանցիկ

-ինչպե՞ս պատրաստել մի ժամացույց

որ ոչ թե կչափի սոսկ

այլ ընթացքում

կավելացնի՛ նաեւ

ժամանակը

բայց բարկացած էի նրա վրա


bottom of page