top of page

ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌԻՉՔ

(իմպրովիզ օդանավի մեջ` երջանկահիշատակ հարեւան «ախպար Պարույր պապի»


հիշողության շուրջ, որ բնածին կույր էր ու սիրում էր հայհոյել)

Կրկին երկնքում եմ

նոր ընտանիք

մի անծանոթ քնել է ուսիս վրա

ոչի՛նչ

աշխարհի վերջը չէ

կսպասեմ մի քիչ էլ

զուգարանը իր տեղից չի փախչելու մի ուրիշ տեղ

պատուհանից` ամպ է

ու

նորից ամպ

հորիզոն չկա

ամայություն

այսպիսի պահերին է որ ինձ

Դու միշտ զարմացնում ես Հայր

եւ դա կապ չունի բոլորովին Քո hարության հետ

(ես դրան ծանոթ էի Քեզնից առաջ

Կարմիր գլխարկի պատմությունից)

ինձ քո «դո՛ւխն» է ապշեցնում Տեր

ունայնության այդպիսի քանակը

վեց օրում լցնելու հավակնության

արարումից առաջ – Աստված

երբ նայեցիր շուրջդ

ու ոչինչ չտեսար

ինչպես պապը

Քեզ մի պահ չթվա՞ց որ Դու կույր ես

թո՛ւ այս հարցը ես պիտի տայի

երբ աչք աչքի հանդիպեի Արարչի հետ

կարճատեւ երազ – դրախտում եմ

անծանոթ տարածք – ամեն դեպքում

ես փորձում եմ նախ ֆիքսել exit sign-ը

պետք կգա

չգիտեմ

ոչինչ պարզ չէ

ե՞ս որտեղ եմ – սա ի՞մ երեխան է

որ խեղդվելով լաց է լինում առավոտից

գլխիս մեջ մեկը խառնել է

այն` ինչ վերեւում էր

բերել ներքեւ

ու հիշում եմ ախպար այն կույր պապին

որ սիրում էր հայհոյել ում պատահի

տեսնում եմ նրան ահա դրախտի մեջ

իր մահվան հաջորդ օրը

առավոտյան

զարմացած աչքերով

կլոր

կլոր

– Լո՛ւյս կա եղեր աշխարհում

Սողոմոնը ջիշդ էր`հերը քունած


bottom of page