top of page

– Գիտնականներին հաջողվել է ստանալ

մի նոր տարատեսակ էլեկտրոնի

որը ոչ ազատ է

ոչ էլ կապված – ազդարարեց հայրս

մի այնպիսի բերկրանքով չարաճճի

ասես գտնվել էր վերջապես

երազային «բանաձեւը ամեն ինչի»

անմահության թուրմը

կամ հաստատվել

վերջին զինադադարը հավերժական

ա՛խ ոնց եմ ափսոսում ես

եթե չտապալվեր Հռոմը եւս կես դար

անասելի զեխությունից համատարած

զինվորները սկսելու էին արդեն

կռվել բոլորովին մերկ

փափուկ ձեռնոցներով բռնցքամարտի

(պատրաստված կաշվից եղնիկների)

ու սիրախաղի էր վերածվելու

...պատերազմը

այլապես

որպես ֆիզիկոսի աղջիկ

գիտեմ

լիարժեք չէ մահը իր գործի մեջ

ես չեմ լինի միայն ա՛յս լույսերի տակ

իսկ խավարում` այնտեղ

ես կլինեմ ընդմիշտ

հավերժությունը մահվա՛ն ժամանակն է

հետեւաբար ի՞նչ հոգ

ես կգնամ խաղաղ

առանց պաթոսի ողբերգական

սովորական մի օր բոլորովին

երբ մոռանա վառել վաղվա լույսը

իմ մեջ

հարբած էլեկտրիկը անտես

եւ կամ Աստված

հ.գ. մայրս որպես ֆիզիկոսի կին

լրջորեն խանդում էր էլեկտրոններին

որոնցով տարված էր հայրս զօր ու գիշեր


bottom of page