top of page

Զատիկի գիշեր է – ասել է թե

առջեւում կանաչ կիրակին է

ամեն գործ արգելված է այսօր

ինչ լավ է

ծուլանալ սիրում եմ չէ՞

չեմ անի ոչինչ

մինչեւ գիշեր

իլիկ չեմ մանի

երկանք չեմ պտտի

խմոր չեմ գնդի

բուրդ չեմ չփխի

ձեռքս կզակիս տակ

այսպես

լաց կլինեմ միայն թնկթնկոցով

իսկ երբ ընկնի գիշերը

ես կմտնեմ դագաղ երազիս հետ

անտրտունջ

առանց դրամայի

ինչպես ջութակը պատյանի մեջ

ու կսպասեմ մթի մեջ

համբերությամբ

մանուկ-անվարժ Աստծո կես հրաշքին –

վաղանցուկ վերադարձիդ երազիս մեջ

կսպասեմ` ոչինչ չեմ անի

ասեղ իսկ չեմ թելի կես կույրի համար

չեմ վերցնի գրիչն այս

եթե անգամ

Տե՛րը բարձրաձայն խոսի ինձ հետ


bottom of page