top of page

Նախապես եմ զգուշացնում

ես հոգնել եմ

Փրկչի բարդույթով հայ տղաներից

որոնց թվում է թե իրենց խոսքը

լրիվ բավական է որպեսզի

հետեւեմ իրենց անանձնորեն

մինչեւ կյանքիս վերջը կույրի նման

ասես կույսից են ծնվել

ու մսուրում

չխաբվելու համար խոսքով միայն

ես հիմա շփվում եմ բացառապես

օտարախոս տղաների հետ այս քաղաքի

մենք չենք հասկանում միմյանց լեզու

ահավասիկ Ռոբերտոն մեքսիկացի

վիրտուոզ վարսավիրը իմ պարտեզի

որին ես թաքցնում եմ Թրամփից

վերմակիս տակ

Ռոբերտո ասա Հայաստան

ասա յար

չի կրկնում՝ ժպտում է չքմեղորեն

ու նայում – կգժվեմ – աչքերիս մեջ

այսպիսին է Ռոբերտոն սիրուց հետո

երանի տեսնեիք – հայացքի մեջ

մի քիչ առեղծված կա

մի փոքր սուտ

ինչպես Դուշամպի Մոնա Լիզան` բեղ-մորուքով

հիմա էլ շրջվել նայում է ետ

արդեն օտարացած՝ հանց մյուս ափից

մեր միջեւ լեզուն – ինչպես գետ

հ․գ. բայց ինչո՞ւ կարոտեցի ձեզ

չեմ հասկանում

Փրկչի բարդույթով

տղաներ իմ հայրենական


bottom of page