top of page

ԲՈՀԵՄԱԿԱՆ ԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ

Սառը առավոտ է նորից

օդը հագեցած ծխախոտով

գինոտ բաժակներ ծորակի մոտ

չգիտեմ

կլքե՞ր նա հավաքույթը այդքան շուտ

եթե չկարդայի վերջին գործս

այդպես ցուցադրաբար բոլորի մոտ

բայց ասենք չլքեր ու մի քիչ էլ

խեղդեր կիթառը իր այդ ծխի մեջ

առավոտը չէ՞ր լինելու այսքան սառը

նույն յուղոտ ամաններով այս

ծորակի տակ

օդ չկա – ամեն ինչ անշարժ է

ժամանակ

բամբասկոտ կնոջ պես

կախ մի գցիր ոտքդ

շարժվիր առաջ

ինձ վախեցնում է միշտ

հավերժական ընթացքիդ մեջ

քո կանգ առնելը անսպասելի

հ.գ. ո՞վ էր որ ծափ տվեց առաջինը

լռությունից հետո ամոթալի

նա չէր... մեկ ուրիշն էր...

բայց նա՞ ուր էր

չլինի՞ գնացել էր ավելի՛ շուտ


bottom of page