top of page

Ավետարան` ըստ Անուշավանի (կամ ըստ ֆիզիկոս հորս)

Երբ պատմում ես առակ մի

կամ ծիծաղում

քո ուրախ ատամներով

անհավասար

ես տեսնում եմ ծնունդը սուրբ

ծաղրածուի

զուգահեռ մսուրի մեջ – բեմի վրա

ո՞վ ես դու

առաջին ծնված մա՞րդն ես

բլուրներից առա՞ջ ստեղծվեցիր

նստիր ու թող օծեմ ոտքերդ

թանկագին յուղերով նարդոսների

ինձ կյանք տուր

ես խենթն եմ անապատի

ցնցվող ընկնավորը փրփրաբերան

ավազ կրծկալիս ու մազերիս մեջ

նախ փրկեա ինձ խոսքովդ

հետո կնության առ

հեքիաթի աղջկա պես ոսկեծամիկ

խոսքս մյո՛ւս կյանքի մասին է բայց

երբ վերջանա ասֆալտն այս

գետնի վրա

այլապես այս կյանքն ի՞նչ – օդանավի

աղմկոտ չոր ընթացք անիվների

որ պիտի վերածվի արագության

ըստ հորս – թռիչքի համար

դեպի այնտեղ


bottom of page