top of page

ԱՆԻՍԱՅԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

(պաշտոնական տվյալներով 200 հազար որբերի երկիր Հոնդուրասից փախչելու փորձի համար դատապարտված 14-ամյա Անիսայի մասին)

Սան Պեդրո Սուլա – Հոնդուրաս

երկրի սիմվոլը` բանան

տարին` աքաղաղի (օրացույցով)

եղանակը` տեղ-տեղ անձրեւային

վերջին նորությունը օրվա`

Անիսան կախվել է բանտախցում

իսկ մյուս աղջիկները դեռ փախչում են

խառնած զգուշավոր քայլերն իրենց

անձրեւի ձայնին ահագնացող

Սան Պեդրո Սուլա – ազգային պարը

կիսամերկ որբեր բազմահազար

պտտվում են շուրջը աղբամանի

երկրի սիմվոլը` բանան

եղանակը՝ կրկին անձրեւային

առաստաղից կախված ճոճվում է

Անիսայի մանկամարդ մարմինը

ինչպես ճոճանակը ժամացույցի

մի այնպիսի ռիթմով վստահելի

որ ասես գտնվել է վերջապես

չափի միավորը անհուսության

Սան Պեդրո Սուլա – Հոնդուրաս

եղանակը՝ կրկին անձրեւային

– Անիսան չկա~– սվսվում է

քամին` աղջիկների մազերի մեջ

– Անիսան չկա – հաչում են

փողոցային շները պատերի տակ

– Անիսան չկա – լսում եմ

ծնծղաների բախվելը ուղեղիս մեջ

ու տեսնում խցի պատուհանից

երկինքը` ընդհատված փշալարով

Սան Պեդրո Սուլա – աղջիկները

սահում են ցեխի մեջ ու ընկնում

ապա

ելնում ու փախչում են

որից հետո

անձրեւը լցնում է ջրափոսը

մինչեւ վերջին կաթիլը հնարավոր

ասես հենց ա՛յդ էր նպատակը

բախվող ամպերի ի սկզբանե

լավ է որ գոնե անձրեւը

չի՛ քշում դիակները տերեւի պես

այլապես ինչպիսի՞ն կլինեին

գետի աչքերը առավոտյան

Սան Պեդրո Սուլա – Գլենդել

երթեւեկը կանգնած է մահվան նման

ձանձրացած կոպերս տեսիլքի գիժ

բարձրացնում են իշխաններին բեմի վրա

ու երգում են նրանք շների հետ

միեւնույն օպերան մարդասպանի

մի այնպիսի ռիթմով զարմանալի

որ ասես գտնվել է վերջապես

չափի միավորը լկտիության

Սան Պեդրո Սուլա – եւ սակայն

մեկն ասի ինչո՞ւ ես զարմանում

Նիցշեն չէ՞ր ասել մահվան մասին

ՀՈՐ` որ նախ մեռավ սրտերում

ապա եւ երկնքի հայելու մեջ

վառվեց Դեր Զորի անապատում

այնուհետ նաեւ Auschwitz-ում`

իսկական հնոցի մեջ մետաղական

Ռուանդայում

…………………………

Սիրիայում ու հիմա`

մի ջահել աղջկա բանտախցում

Նա` ով ունակ է հարության

կարող է մահանալ որքան ուզի

թե՞ դու կասկածում ես անգամ

Տիրոջ բնույթին վերածնվող

հ.գ. Սան Պեդրո Սուլա – Գլենդել

եղանակը՝ նույնքան անձրեւային

օրվա վերջին լուրը ռադիոյից

– Անիսան կախվել է բանտախցում

գիտեմ` բարկացրի քեզ Տե՛ր

պատժիր ինձ

կամ բարձրացրու վեր

փրկեա զիս մոռացումից ծերունական

Թրամփից

ռաբիսից

պատերազմից

արյունոտ լուրերից եւ հատկապես

խցանումներից այս երթեւեկի

որ վատթարանում են

օրստօրե


bottom of page