Նոյեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալել էր ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանին:
Բանաստեղծուհու հետ հանդիպմանը ներկայացվեցին նրա բանաստեղծություններից կազմված բեմադրություն, որն ակադեմիայի ուսանողները պատրաստել էին պրոռեկտոր Կարինե Ոսկանյանի ղեկավարությամբ:
Ուսանողներն ընթերցում էին Ս. Վանի տարբեր ժողովածուներից բանաստեղծություններ, որոնց յուրօրինակ լրացում էր հաղորդում Է. Զորիկյանի հեղինակած երաժշտությունը:
Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու Սոնա Վանի բանաստեղծությունները նաև դերասաններ՝ Քնարիկ Զաքարյանի և Հայկ Սարգսյանի կատարմամբ: Բանաստեղծուհուն յուրօրինակ անակնկալ մատուցեց Համլետ Չոբանյանը, ով Սոնա Վանի բանաստեղծությունների ասելիքը փոխանցեց յուրովի՝ մնջախաղի միջոցով:
Ամփոփելով բեմադրությունը՝ ՃԿՊԱ պրոռեկտոր Կարինե Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց բանաստեղծուհուն՝ հրավերը չմերժելու համար և փոխանցեց բեմադրության կարևոր ասելիքը.
-Կարդալով Սոնա Վանի բանաստեղծությունները՝ յուրաքանչյուրս վերհիշում ենք այն ամենը, ինչ թանկ էր մեզ համար, ինչ մենք սիրել ենք: Այսօրվա մեր հանդիպումը սիրո և բարության կոչ էր: Շատ կարևոր է ամեն օր և ամեն րոպե ջերմ ու սիրո խոսքեր ասել նրանց, ովքեր թանկ են մեզ: Համոզված եմ, որ այս հանդիպումից կհեռանաք՝ ինչ-որ թանկ բան ձեր սրտում տանելով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և անակնկալի համար՝ բանաստեղծուհին նշեց.
-Չկա կատարյալ զգացողություն, քան մեկ ուրիշին ձեռք մեկնելը, օգնելը: Շնորհակալ եմ ձեզանից, որ հիմնել եք այսպիսի հաստատություն, որտեղ կրթվում և կատարելագործվում են մարդկային կյանքեր փրկող անձիք:
Ս. Վանը հաջողություն մաղթեց ակադեմիայի ուսանողներին՝ խոսքն աավարտելով Անտուան Դը’Սենթ Էքզյուպերիի մտքերով.
-Ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը… Հաջողություն և ուժ ձեզ՝ ձեր աշխատանքում:
Հանդիպման ավարտին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը խոսեց նմանատիպ հանդիպումների կարևորության մասին.
-Մեր նպատակն է, որ ակադեմիայի յուրաքանչյուր ուսանող ունենա բարձր մարդկային արժեքներ: Համոզված ենք, որ դրանք ձևավորվում են այսպիսի հանդիպումներում:
Միջոցառման հյուրերից` ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը բարձր գնահատեց ուսանողների մեկնաբանությունը: