top of page

«Նա, ով ընդունակ է հարյուր տոկոս երջանկության, դատապարտված է նաև հարյուր տոկոս տառապանքի». Սոնա Վան

«Նա, ով ընդունակ է հարյուր տոկոս երջանկության, դատապարտված է նաև հարյուր տոկոս տառապանքի»


Այսպես է կարծում ամերիկաբնակ գրող, հրապարակախոս Սոնա Վանը, ում հետ շփումը յուրատեսակ դաս է կնոջ էության, ձգտումների, երջանկության և տառապանքի մասին: Սոնա Վանի խոհերի, ապրումների և տեսակի արտահայտման ֆենոմենը նրանում է, որ նա չի վախենում հոգու մերկությունից, անկեղծ խոստովանությունից և ընդհակառակը՝ ձգտում է լիարժեք ինքնաբացահայտման:


-Սիրելի՛ Սոնա, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ կնոջ ու հատկապես հայ կնոջ կերպարը, լիովին բացահայտված չէ, և կնոջը նվիրված յուրաքանչյուր տոն կարծես առիթ է ընդգծելու նրա՝ ապրելու գայթակղություն և գեղեցիկը անվերջ հետապնդելու մղում առաջացնող կերպարը: Կանանց միամսյակն ավարտվեց, սակայն ուզում եմ հարցնել, ի՞նչ է Ձեզ համար տոն ասվածը՝ ձևի, բովանդակության, զգացողության իմաստով, հե՞շտ է արդյոք Ձեզ տոն պարգևելը և ի՞նչ եք սիրում նվեր ստանալ:


-Սիրում եմ, երբ նվերն ինձ զարմացնում է, մի բան է ասում նվիրատուի մասին՝ նրա զոհաբերության, պատրաստակամության ու վերաբերմունքի առումով: Օրինակ՝ երբ ժլատ մարդը հանկարծ դառնում է շռայլ կամ լեզվին լավ չտիրապետող մարդը հանկարծ հանդես է գալիս հատուկ ինձ համար պատրաստած աննախադեպ խոսքով՝ գրավոր կամ բանավոր: Մի խոսքով՝ ինձ նվերը հետաքրքրում է մարդու զոհողության պոտենցիալ չափի, նրա ներքին և արտաքին ճիգի ու ճկվածության առումով: Եղբայրս կասեր՝ քո փնտրածը պաշտամունք է: Թող որ այդպես լինի: Մյուս կողմից՝ ինձ երջանկացնելը նաև շատ հեշտ է, դրա համար մի բառ է հարկավոր, մի լավ տող, մի ճիշտ հայացք: Մի հմայիչ նյուանսը կարող է շրջադարձային լինել իմ կյանքի և ճակատագրի համար:


-Անվերջ ուշադրության և սիրո մեջ ապրող կնոջ համար, թերևս, ամենասարսափելի երևույթը կյանքում անտարբերությունն է, անապատի զգացողությունն իր շուրջ և իր ներսում: Դուք Ձեր խոսքում միշտ նշում եք, որ սիրո և ուշադրության պակաս երբևէ չեք զգացել կյանքում: Բայց եղե՞լ են պահեր, երբ ձգտել եք լիակատար միայնության, զերծ՝ այդ ամենից:


-Անկասկած: Ես ավելի հաճախ լիակատար մենություն և բացարձակ լռություն եմ փնտրում, քան մեծ ուշադրություն կամ սեր: Սիրո և ուշադրության մեծ քանակը պարտավորեցնող և ազատազրկող ազդեցություն ունի, որը ոչ միայն բացառում է ստեղծագործելու հնարավորությունը, այլ նաև կյանքի շարժումը: Ընդհանրապես, ամենայն կատարելություն վտանգավոր է: Դա Աստծո տարածքն է, որտեղ բացառվում է ձգտումը, էվոլյուցիան: Ես սիրում եմ ընտրողաբար ինձ ընձեռնված մենությունը, որն իր մեջ կրում է սիրված ու սպասված լինելու ենթադրությունը: Իմ կողքի մարդը պիտի տիրապետի նվազագույն ֆիզիկական ներկայությամբ առավելագույն հոգևոր ներկայություն լինելու արվեստին, այլապես ես հիմնովին կտապալվեմ բացահայտ, մեծ ու անանձնական սիրո ծանրությունից:

Ազատությունն ու երջանկությունը քույրեր են, և երջանկության մեջ է գտնվում ազատության ամենաիրական չափը:


-Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրեցիք <<Լիբրետո Անապատի համար>> գիրքը, որը կնոջ ընդհատված երջանկության մասին է՝ ի դեմս ցեղասպանության բովով անցած Ձեր հորաքրոջ: Գիրքը, ներկայացրեցիք նաև անազատության մեջ գտնվող կանանց, նրանց հետ կիսեցիք Ձեր խոհերն ու ապրումները, հույս ներշնչեցիք, որ փրկություն միշտ կա: Դրան հետևեց Ձեր անչափ հուզիչ նամակը ՀՀ նախագահին, ում արձագանքը չուշացավ: Ի՞նչ կարևորություն ունեն այս դրվագները Ձեր կյանքում, ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Ձեր շնորհիվ այդ կանանց մի մասը նախագահական ներման է արժանացել:


-Հորաքրոջս կյանքի պատմությունն իմ ամենամեծ դասերից է եղել: Ես մինչև օրս նրանից սովորում եմ ընդհատված երջանկությունը և ամեն գնով երջանկության իներցիան պահպանելու մղումը, հակառակ բոլոր խոչընդոտների՝ քո մեջ գտնվող մանկանը, անմեղին ու հույս ունեցողին պահպանելը: Սա վերաբերվում է նաև ազատազուրկ կանանց: Ազատությունն ու երջանկությունը քույրեր են: Ավելին: Երջանկության մեջ է գտնվում ազատության ամենաիրական չափը: Առանց երջանկության՝ ազատությունն աբստրակտ է, ազատ անկման անօդ տարածք: Ես նրանց հիշում ու կարոտում եմ: Ուզում եմ, որ նրանց տրվի երջանկության նոր հնարավորություն, ու եթե իմ նամակը ինչ-որ չափով օգնել է նրանցից մեկին անգամ, ես չափազանց ուրախ եմ:


-Դուք այն համարձակ պոետներից եք, ով չի վախենում հոգու մերկությունից և դրանով բացահայտում է կնոջ թաքուն երազանքներն ու մղումները, չբացահայտված ես-երն ու դրանց պայքարը: Որքանո՞վ եք Ձեզ բացահայտված կին համարում և արդյո՞ք հասել եք լիարժեք ինքնաճանաչողության:

-Վախենալ, նշանակում է պատրաստ լինել կեղծիքի, դավադրության, դավաճանության: Համարձակությունը երևակայությունից հետո պոետի ամենակարևոր հատկանիշն է: Եթե պատրաստ չես մինչև վերջ մերկանալ, լինել թափանցիկ և ազնիվ, ապա վայր դիր գրիչդ: Կեղծիք լսելու համար բավական է լսել քաղաքական գործիչների նախընտրական ճառերը: Դրա համար չարժի ծառ սպանել: Ստեղծագործողի նպատակը ինքնաբացահայտումն է: Գրում եմ, քանի որ ուզում եմ ճանաչել ինքս ինձ. <<ծամել զը ինձ>>: Սա կյանքի հետ զուգահեռ հոսող գետն է, քանի որ ես-ը նույնպես փոփոխվում է, և հնարավոր չէ երկու անգամ մտնել միևնույն եսի մեջ: Գրելը Աստծո կողմից ինձ տրված բացահայտման գործիքն է: Քանի դեռ շարունակում եմ գրել, ուրեմն դեռ լրիվ ինքնաբացահայտված չեմ:

Արցունքը էմոցիայի դատարկվելու պահն է, ինչպես սիրո պիկը՝ անկողնու մեջ, որից հետո տհաճ խաղաղություն է իջնում:


-Մի անգամ ասել եք, որ սիրում եք հետաձգել արցունքները, ինչո՞ւ…


-Ուզում եմ հնարավորինս ձգել ճշմարիտ ապրումը, էմոցիան, զգալ դրա պոտենցիալ չափը, ծավալվելու ձևերը, սահմանները. լինի հրճվանք, սեր, թե տառապանք, ես իմ էմոցիան երբեք չեմ արագացնում: Արցունքը էմոցիայի դատարկվելու պահն է, ինչպես սիրո պիկը՝ անկողնու մեջ, որից հետո տհաճ խաղաղություն է իջնում, ու սկսում ես մտածել առաստաղի գույնի կամ պլատոնական սիրո հմայքի մասին: Իսկ դու չե՞ս սիրում հետաձգել…


Շարունակությունը / սկզբնաղբյուր կայքում / 

bottom of page