top of page

Աելիտա Դոլուխանյան պրոֆեսոր, գրականագետ

Սոնա Վանի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն


Սիրելի բանաստեղծուհի Սոնա Վանը ինչպես ինքն է ասում իր բանաստեղծություններից մեկում. <<Ամեն բան ասված է արդեն… ամեն բան>>: 

Սա ճշմարիտ է, սակայնամեն ասված բան կարիք ունի ասվելու նորից ու նորից, թարմացված ու ջահելացված, նոր ձայնով ու նոր շեշտով: Այդպես են ծնվում նոր բանաստեղծները` սկսած այն ժամանակից, երբ քաղաքակիրթ աշխարհը ստեղծեց հզոր քնարերգություն, երբեմն` վիպական անկասելի թափ ունեցող, երբեմն` հոգու նրբին նրբերանգներ ներկայացնող:

Այսօր ոչ ոք չի կարող ժխտել, որ Հոմերոսի վիպական ու բանաստեղծական հանճարը չի հնանում և հատկապես թարմանում էկրանավորումներով, ինչպես կարող է հնանալ Աքիլլեսի կերպարը, որն իր մեջ մարմնավորում էր առնականությունը, խիզախությունը, անձնազոհությունը, նվիրումը, մեծահոգությունը, գեղեցկությունը:

Պոեզիան ևս երբեք չի հնանում ասվածը նորովի ասելուց: Ահա և այդ նորովի ու թարմաշունչ ասելիքը կա նաև Սոնա Վանի նոր գրքում, որ կոչվում է <<Ես անուն չունեմ>>, սա կարելի է հասկանալ` ես չեմ խոսում միայն մի զգայուն մարդու զգացածի ու ապրածի մասին, ես զգում եմ եթե ոչ բոլորի, ապա շատերի փոխարեն և իմ անունը դառնում է անանուն:

Սոնա Վանի երկրորդ գիրքը բաժանված է մի քանի ընդհանուր խորագրերի միջև` <<Կենսագրություն>>, <<Թարս հրաշք>>, <<Անցում /մահվան կոլաժներ/ >>, <<Ես անուն չունեմ /գաղթող թռչուն/ >>:

Տաղաչափական ձևը հիմնականում ազատ ոտանավորն է` Vers Libie, որի ներքին հանգավոր չափը ակնհայտ է:

Սոնա Վանի բանաստեղծական ողջ ժողովածուն կարելի է կարդալ մեկ շնչով` չնայած որոշ բանաստեղծությունների փիլիսոփայական հարցադրումների խորության: Պատճառը ազատ ոտանավորի ներքին անբռնազբոս ընթացքն է. բանաստեղծության մեջ չկա ճիգի հետք: Անգամ պարզ առօրեական կյանքի հաճույքը պատկերված է գեղարվեստորեն տպավորիչ:<<Հետաձգվել են հայտնությունները>> բանաստեղծությունը դրա վառ հավատչյան է..


Ի՞նչ լավ արև է.

Մի հոգնած սուրբ է

ձանձրույթից

կախվել

պարանիս վրա

նրանից

քիչ

աջ

կամ

կուրծքը շատ բաց

գիշերանոցն է

չքմեղ

օրորվում

մերթ ետ

մերթ առաջ

Ինչ լավ արև է

… լվացքի օր է


Ջեյմս Ջոյսի <<Ուլիսի>> նման Սոնա Վանի բանաստեղծությունները չունեն տրոհության նշաններ, միայն առոգանության նշաններ են և երբեմն` բացահայտման: Խոսքի տրոհման հոգեբանական ու տրամաբանական պահը վերապահված է ամեն մի ընթերցողի:

Ամեն մի գրող, ամեն մի բանաստեղծ ունի իր նախասիրությունները, իր արմատները: Սոնա Վանի մոտ գերակշիռ է մտածելակերպի մերօրյա քաղաքակիրթ աշխարհի գեղարվեստական ընկալումը: Նա մասնագիտությամբ հոգեբան է, ուրեմն մարդուն չի դիտում պարզ հայացքով, այլ Ֆրոյդի հոգեբանության մեթոդով: Գերիրապաշտությունն էլ իր տեղն ունի նրա մտապատկերներում, զուր չէ որ բանաստեղծություններ է նվիրել Սերգեյ Փարաջանովին և Վալտեր Ուիթմենին, որը ամերիկյան բանաստեղծության մեջ բերեց ազատ ոտանավորի նոր տեսակը` հատկապես 1855-ին լույս տեսած <<Leavesof Liass>> ժողովածուով (<<Խոտի տերևները>>), Երևանը նա համեմատում էՎան Գոգի կնճռոտ, սև ու կոպիտ տղամարդոը կիսաճիտք կոշիկների հետ (Վան Գոգի այդ նկարն աչքի է ընկնում իր ապշեցնող ռեալիզմով և այժմ պահվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում):

Ահա Սոնա Վանի <<Երևանն իմ ամենահանգիստ կոշիկն է>> բանաստեղծության համապատասխան հատվածը.

քիչ անց

երազում

հայրական տանս

թաթերս թաքուն

կույր հիշողությամբ

գտնում են մաշված

լայն ոտնամանս

որ հանճարեղ էր

խեղճ

ու մարդկային

վանգոգյան

կնճռոտ

կոշիկի նման:

Մարդու ներքին տագնապների մեջ կա նաև մեկը, որը համընդհանուր է շատերի համար: Այդ մարդ-անհատ ու հայրենիք կապն է: Այս փոխհանգույցը սովորական դարձած ավանդական – հայրենասիրական - բանաստեղծական գեղարվեստական ձևերից դուրս է: Այն մե°րթ ընթացիկ օր թվացող, սակայն ցնցող ու խելագար թախիծով քարացած ապրիլի 24-ն է, մե°րթ հայրենիքի համար զոհված ֆիդայիների հուշաքար: Անմոռաց բանաստեղծական մի պատկեր ահա.

մոտիկից սակայն

երկար շարքերով

շիրմաքարերից

թաքուն ժպտացող

ֆիդայիները

շատ նման էին 

դպրոցն ավարտած

աշակերտների,

որ շարվել էին

խմբային

վերջին

նկարի համար

ու…

պահել շունչը

ու … պահել շունչը

հետաքրքիր է

եթե հրաշքով

ճակատիս ընկներ

մի փշե պսակ

ես այս բոլորից

որի՞ն կընտրեի

որպես Ղազարոս…

Ով եղել է Եռաբլուրում թաղված ֆիդայիների գերեզմանոցում, հասկանալու է այս բանաստեղծության տողերում թաքնված հրաշքի ներգործուն ուժը: Ֆիդայիները մեռած չեն, նրանք երիտասարդներ են, շատ ջահել, նոր կյանք մտնող, իսկ եթե նույնիսկ մեռած են, հարության պահն ունեն իրենց մեջ:

Սոնա Վանի բանաստեղծություններում կա մայրը, որն Աստծուն հավասար է, հայրը, որի հիշատակն անսահման թանկ է, կա սիրո առեղծվածը: Այնքան հարուստ հայ սիրո քնարերգությունը մեծացնում է իր գանձարանը բանաստեղծուհու <<Աշնան այգին իմ առաջին սիրո>> քերթվածով.

մթնում է դանդաղ

ու դուրս եմ գալիս

աշնան պուրակից

սև հարսնաքողով

այրի կույսի պես

այս ինչ եմ արել…

լացող ծառերի

թափոր է դարձել

իմ

սիրո 

այգին

Բանաստեղծուհու որոշ գործերում երևում է մարդու` բնության մեջ նուրբ ընկալումը` քամին թափթփված և ծույլ կինը հայտնվում են համեմատական չմոռացվող զուգահեռում.

թավշածաղիկ

տատրակների

թավշե թևեր

ու թավշե մաշկ

այօր շուտ է

օրը բութ է

քամին նույնիսկ անամոթ է

ու փոխանակ առաջվա պես

փսփսա ու սահի անտես

ծույլ-թափթփված

կնոջ նման

մաքրելու տեղ

ոտքի կողքով

մահճակալի տակ է

քշում

աղբը իր տան


Սոնա Վանը իր էությամբ արտիստ է: Նա բանաստեղծության մեջ դնում է իր էությունը, իր եսը, իր զգացածը, սակայն նա դուրս է գալիս իր կեղևից, կախարդական ուժով մտնում է մարդ էակի ներաշխարհը, ներսից զննում է նրան, մտահոգ է նրանով, ապրում է զգացման բազմազանությամբ և յուրօրինակ դրսևորմամբ, այն ներկայացնում է բանաստեղծական ոչ ծավալուն չափաբերմամբ: Սպասենք հոգեբանական հարուստ հուզաշխարհով նրա նոր ժողովածուներին:


bottom of page