top of page

Ուշ աշուն – հիշողությունս

կրկին պղտոր ու թաց

մտքիս մեջ ամեն բան լցված է

անձրեւի ջրով բացառապես

մինչեւ իսկ թասը եկեղեցու

նախատեսված միայն ոսկու համար

որ տես

փոխանցում եմ զգուշությամբ

աղոթքս –

դժվար չէ եզրակացնել

չտվեց պտուղները իր բաղձալի

մի մասը չորացավ

կամ կորավ ասֆալտի ճեղքերի մեջ

մյուսը կեր դարձավ թռչուններին

արդյունքում ունենք այն` ինչ կա

դեռ ոչ ոք չի սիրում հարեւանին

Թրամփը նոր պատ է նախագծում

կռվում են աստվածներն

ու

չաստվածները

օդը տաքացել է հանց դժոխքում

հալչում են սառույցները հազարամյա

կապույտ կետաձուկը մտել է

կարմիր գրքի մեջ առավոտյան

ծովերի թունավոր ջրերի մեջ

թղթե նավերով ճոճվում են

գաղթական մանուկները ետ ու առաջ

ափը նրանց մերժում է ընդունել

ծովի գերիներն են նրանք հիմա

մեղադրե՞լ

բայց ո՞ւմ -մտածում եմ

թասի սառնությունը դեռ մատներիս մեջ –

Քրիստոսը չափազանց հյուծված է

Բուդդան ինքնաբավ անշարժ ու ծեր

Մուհամեդը խիստ զբաղված երկնքում

յոթ տասնյակ կույսերով կողուկտոր

բոլորն էլ հոգնած վերծանելուց

լռության ոսկին աստվածային

փոխանցում եմ թասը եկեղեցում

ու նայում շուրթերին քահանայի.

ինձ բարկացնում է ալելույան

տեքստի այն մասում սովորաբար

որտեղ ակնկալում եմ ես

հստակ պատասխաններ – բերանս բաց

փրկվելու համար ստիպված

հանց serial killer մտովի ես

սպանում եմ պատահած ամեն Աստծո

մտացածին մեքենայիս պատուհանից


bottom of page