top of page

Ա՜Խ, ՈՆՑ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ՔԵԶ

(տատիդ հարցրու՝ ասում էիր բարկացած – հիշո՞ւմ ես)

– Եթե չլիներ ձմեռը

գարունը չէր թվա այսքան ջահել

կյանքն անցնում է

արա՛գ

ապրել է պետք –

ասում էր հայրս առավոտյան

առանց բացատրելու թե կյանքն ինչ է

ինչ բան է ապրելը

ընդհանրապես

հիմա երբ չկա նա

ու նաև դու

ես փնտրում եմ անձամբ Ղազարոսին

(մի շարք հարցեր ունեմ – մահվան մասին)

իսկ եթե նա չկա – ասա ինձ

ո՞րն էր խորհուրդն

այդ վերադարձի

տա՛տս ինչ իմանա – խեղճ կինը

որ երբեք չճամփորդեց տնից հեռու

ավելի

քան թելը իր կծիկի

ժամանակը օձի թույնի պես

թափանցել է մեղքիս կեղևի տակ

դարձնելով այն առավել սև

ու դառնահամ

ինչպես կծված խնձորը խոհանոցում

(ես փորձել եմ սա անձամբ – լեզվիս վրա)

բայց դա նպաստեց մի կողմից էլ

որ հավատամ պատմությանը դրախտի –

Եվայի

օձի ու խնձորի

ախ ոնց եմ կարոտել մեր զրույցը

հարցդ ու պատասխանդ նույն տողի մեջ

(ծույլի դրախտ էր ասեմ լսելը քեզ)

ինձ մնում էր լռել ու զարմանալ

մետաֆիզիկ մթության մեջ

լույսից հզոր

որտեղ երևում էր ամեն ինչ

ներառյալ այն

ինչ այնտեղ էր արդեն ի ս կ զ բ ա ն ե

հ.գ. այնուհետ քանի՜ցս մոտեցել- ներս եմ նայել

օտարի պատուհանից գաղտագողի

որ տեսնեմ կյանքն ի՞նչ է

մարդն ի՞նչ է

ի՞նչ բան է ապրելը ընդհանրապես


bottom of page