top of page

Զրույց կորցրած մանկանս հետ

… Երբ արթնացա

ցանկացա անուն դնել քեզ

(ինչպես ողջ մնացած երեխային)

թեպետ մակարդվել էին արդեն

աչքերդ

ինչպես լույսի

վիժված զույգ ճառագայթ

ես պատմեցի քեզ

Լի՜լի

պատմությունը իմ ողջ

ծննդիցս մինչև

սերը իմ ծովափնյա

որ տևեց մեկ ամառ ուղիղ ու խեղդվեց

(երբ հասանք քաղաք)

ասֆալտին նետված ձկան նման

քիչ անց քույրը քեզ դո՛ւրս տարավ արագ

ձեռքերն առաջ

(այդպես թաց լվացքն են հասցնում մինչև պարան)

ծածկեցին կոնքերն իմ մեծ սավանով

ինչպես վթարի մեջ վախճանվածին

շարժվեցին հետո ափերս թափորի պես

դեպ արգանդս` ծա՜նր տապանաքար

ու լաց եղան մի կուշտ մինչև տուն հասնելս

մատներիս սգացող կույսերը տաս

կարծո՞ւմ ես սեր էր դա

աղջիկս

թե՞ ծովն էինք սիրում մենք խենթի նման

ու

կախարդանքն էր նրա`

կապույտ

որ շփոթել էին սիրո հետ հավերժական

արևից գժված սրտերը մեր

ինչևէ… հիմա կանգնած եմ բաց

իմ պատուհանի առաջ

անիմա՜ստ

ինչպես ծաղկամանը նոր դատարկված

ձյունն իջնում է Լի՜լի

թեթև՜ ինչպես փետուր

… քո շուրթերով եմ որսալու փաթիլը այն


bottom of page