top of page
Մինչ այդ
ամեն օր
երբ հերթական անգամ
մահն ինձ
շրջանցում էր
ցուցադրաբար
ես՝
ինչպես կրկեսի
վարժեցնող կին
նրան կաշառելու համար
(որ չտանի)
միս էի նետում
նրա ոտքերի տակ
շոյում էի ուսերը
մտերմաբար
մինչև
ձանձրացա մի օր -
դադարեցրի
միսը շոյանքի հետ
ու
զարմանում էի արդեն`
թե հիմա՛ ինչո՞ւ չի տանում ինձ...
ի՞նչս է պակաս -
և
որոշեցի ի՛նքս նախաձեռնել
նոր կոշիկներ առա
էժանագին
լողացա
ցեցը մեջքը կերած
բայց այլապես նոփ-նոր
հագուստ հագա
թարմացրի փայլը շրթունքներիս
ներկեցի արմատները մազերիս
ու պառկեցի ուղիղ
փակ աչքերով
ձեռքերս կրծքիս տակ
սիրուն ծալած
քիչ անց
սուլեցին երկնային
ոստիկանները
պահապան
հրեշտակները
շարժեցին նետերը
ցուցադրաբար
ու
անցավ Նա՝
շրջապատված
բազում թիկնապահներով
փառք Քեզ Տեր
ևս մեկ օր -
ու սպիտակս
սկսելու էր
երևալ
bottom of page