top of page
- Այս նոր քաղաքի գիշերների պես
լպրծուն են ձեռքերդ - ասում եմ
- հետևի՜ր... հետևիր - ասում ես
- քայլի՚ր
գալիս եմ հետքերովդ -
Քրիստոսի ետևից քայլող
Պետրո՛սն եմ...
ու կասկածներիս
ոտնահետքերն են
ասֆալտի վրա
բացված փոսերը
օգնի՜ր
վիժում եմ հավատքս
- հետևիր... հետևի՜ր - ասում ես
- օտար-ամայի
քաղաքն այս
փշոտ
սառը բառերով
լցված տարածք է
և արնոտվել են
մեղք կրունկներս -
եկ ետ վերադառնանք
- վերջացրու... հետևիր ասում ես
- ափերիդ պես
լպրծո՜ւն
լպրծո՜ւն է գիշերը
և տես... աննկատ
սահել են ձեռքերս
ձեռքերիցդ դուրս
ասում էի չէ՛...
եկ... ետ վերադառնանք
bottom of page