Տեղեկատվական տրամաբանությանը հակառակվելով՝ մենք շտապեցինք կանանց տոնական մեկամսյակից առաջ ներկայացնել «Բաց նամակներ կանանց ուղղիչ տնից» շարքի առաջին և երկրորդ դրվագները /պարունակները/: Թաքուն մի հույս կար, որ ազատազրկման մեջ գտնվող կանանց մայրության և գեղեցկության տոնը կարող է նշանավորվել այդքան սպասված համաներման ակտով: Այսքանը: Որովհետև ուզում եմ հնարավորինս մեծ տեղ բացել երկրի Նախագահին ուղղված բաց նամակի համար, որ գրել է մեր տաղանդավոր կին պոետ և էսսեիստ Սոնա Վանը, «Աբովյան» քրեակատարողականի բանտված կանանց այցելելուց հետո: Tert.am-ը բացառիկ իրավունքով հրապարակում է հատվածներ բաց նամակից.
Բաց նամակ ՀՀ հարգարժան Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Գրողական արժանապատվության համար չկա ավելի մեծ ցավ, քան խոսքի վատնվածության զգացումը, և հավանաբար չփորձեի հայ կնոջ իրականության և ողբերգության մասին Ձեզ հետ բարձրաձայն մտածել և նրանց համար Ձեր ներումը հայցել, եթե տարիների ընթացքում ի պաշտոնե կամ պետականորեն արժևորած չլինեիք իմ տողն ու գրական գործունեությունը («Ոսկե մեդալ», «Մովսես Խորենացի», «Մայրենի լեզվի դեսպան»...): Բայց ոչ` կփորձեի, որովհետև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացած հանդիպումից արդեն երկու և ավելի ամիս անց ինձ դեռ հետապնդում են մետաղե սառը շրջանակների միջև կյանքի, մայրության ու երջանկության իրենց երկրորդ շանսին սպասող կանանց հայացքներն ու ակամա որբության մատնված նրանց զավակների անմեղ ստվերները, որոնցից թեկուզ մեկի մղձավանջը ընդհատելու պահանջը այս պահին իմ մեջ ավելի հրատապ է ու ավելի կարևոր, քան գրողական արժանապատվությունը:
Մեր հանդիպման առիթը Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված «Լիբրետո անապատի համար» գիրքս էր (հայրենիքում այն առաջին անգամ էր ներկայացվում ընթերցողին, իսկ ԱՄՆ-ում այն պետականորեն ներկայացվել էր ավելի վաղ, մայիս ամսին, Նյու Յորքի համաշխարհային Book Expo 2015-ի շրջանակներում):
Ես կրթությամբ բժիշկ եմ ու հոգեբան և չեմ տիրապետում իրավագիտությանն ու օրինապահ համակարգի աշխատանքին, բայց օրենքը նաև տրամաբանություն է, ու աշխարհում ամենուրեք բանտարկությունը երկու նպատակ է հետապնդում` պատիժ և ռեաբիլիտացիա: Պատժամիջոցի արդյունավետության ցուցանիշը այդ տարիների տառապանքի չափի և դրա բերած կատարսիսի համաչափության մեջ է. որպեսզի վատնված չլինեն մարդկային կյանքի թանկ ժամանակն ու պետության թանկ միջոցները: Հանցագործին ճիշտ պահին ազատազրկելու չափ կարևոր է նրան ճիշտ պահին ազատ արձակելը, երբ պատժող համակարգը դեռևս չի հասցրել ոչնչացնել մարդու մեջ գտնվող աստվածայինը. նրա խիղճը, պատասխանատվության զգացումը, մայրական բնազդը, երազելու, սիրելու, վստահելու, ներելու, ամոթի ու երախտագիտության, զոհողության ու երջանկության կարողությունը: Շուտով լրանում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը: Այսօր նաև իմ ծննդյան օրն է, ու ես ավելի կարևոր ոչինչ չունեմ անելու, քան այս նամակը: Դո՛ւք, որ բանասեր եք, լավ գիտեք նուրբ ուժի հրաշքն ու հմայքը: «Անհավասարակշիռ ժամանակները անհավասարակշիռ ու խարխուլ են դարձնում նաև մարդուն»,- գրում է Ալբերտ Էյնշտեյնը, և գուցե մեծ հանճա՛ր էլ չի պահանջվում ընդունելու, որ մարդը իր ժամանակի ու իրականության հայելին է, դրա զավակը:
Ամեն ժամանակ իր զոհերն ունի, և ակամայից սկսում ես մտածել այս կանանց վիճակված ժամանակի, պատերազմի ու նրա արհավիրքների շարունակականության մասին, որովհետև այդ կանանցից յուրաքանչյուրը մի նոր ավերված տուն է` աչքերի կոտրված պատուհաններով ու այնտեղից բարձրացող թանձր ու աներազ ծխով: Ասածս բանաստեղծական երևակայությանս չվերագրեք, աղաչում եմ, որովհետև ավելի քան իրական էր զգացողությունս, և հենց այս պահին էլ վերհուշից ծակծկվում են աչքերս:
Կարծում եմ, որ մետաֆորի կարիքը չկա, որպեսզի հավատանք, որ նրանք զոհերն են պատերազմի, աղքատության, կապիտալի նոր համակարգի և խեղաթյուրված բարոյական արժեքների: Այն նոր ժամանակի, որի պատմական անշրջանցելիությանը ու ժամանակավորությանը հավատալու համար մենք այն «անցումային ժամանակ» ենք կոչել: Հայաստանի անկախ հանրապետության Նախագահի համաներման Ձեր իրավունքով խնդրում եմ` «անցումային ժամանակը» որպես մեղմացուցիչ հանգամանք նկատելով` այս կանանց (բնականաբար նրանց՝ ում հանձնախումբը առավել նպատակահարմար կհամարի), արժանացնել նախագահական ներման: Վստահ եմ, որ Ձեր բարի կամքի արդյունքում երախտագիտությամբ լցված այս ապաշխարած կանայք իրենց շնորհված ժամանակը կօգտագործեն որպես կյանքի վերարժևորման և փոխհատուցման տարիներ:
Զոհաբերության դեռևս ընդունակ այս կանայք միայն արժանի խորանի կարիքը ունեն, իսկ սիրո, հերոսականության, անձնազոհության նրանց մեջ տրոփող կրքերը ճիշտ նպատակաուղղելու դեպքում կենսաէներգիայի այդ չափը հրաշքներ կարող է գործել: Ես անձամբ պատրաստ եմ իմ մասնագիտական և անձնական հնարավորություններով մասնակցել նրանց ինտեգրման հոգեբանական և սոցիալական գործընթացին:
Շուտով մարտի 8-ն է: Ես արդեն տեսնում եմ իր կարոտած մորը ծաղիկ նվիրող այն տղային: Տեսնում եմ սեպտեմբերի մեկին իր երեխայի ձեռքը բռնած` նրան առաջին անգամ դպրոց ուղեկցող այն կնոջը և... նախապես շնորհակալ եմ:
Սոնա Վան
Ցավի կուլիսներ. գնալ ուղիղ գծով և անցնել գիծը
-Սիրելի Սոնա Վան, իսկապես ունիկալ միտք է կանանց ուղղիչ տանը անցկացնել գրքի շնորհանդես, պոեզիայի «տուլիկներ» հասցնել կյանքից, մարդկանցից հեռացած հոգիներին, բայց…չե՞ք վախենում, որ հաղթած ու պարտված, երջանիկ ու դժբախտ կանանց կոշտ շփում լինի, մեկ էլ մի բան պայթի, չհասկացվեք:
- Ամբողջ գիշեր անքուն էի, մտածում էի ասելիքիս մասին, ուժ էի փնտրում իմ մեջ, համոզում էի ինձ, որ ես ընդունակ եմ այդ պատն անցնելու, նրանց հետ հաղորդվելու, նրանց մեջ ինչ-որ բան շարժելու: Երևի երբեք այսքան հուզված, նյարդային չեմ եղել: Այդ զգացողությամբ եմ հիմա գնում այս կարևոր հանդիպմանը՝ չբացառելով նաև, որ կհանդիպեմ նաև լուրջ դիմադրության: Բայց կյանքի իմաստն ու երջանկությունն ամենևին էլ պայմանավորված չէ նյութի, իշխանության և անգամ ազատության չափուքանակով: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես կօգտագործես քեզ տրված ազատությունը, ժամանակը, նյութը։ Մարդն ազատության մեջ էլ կարող է ունենալ անազատություն, իմաստազուրկ կյանքի զգացողություն և հակառակը՝ անազատության վայրում ապաշխարության, արժևորումների, նոր իմաստներ հայտնաբերելու կատարյալ ազատությունը: Մենք ամեն պահ կանգնած ենք ընտրության առջև. այդ կանայք մի չար պահի սխալ ընտրություն են կատարել, և սա չի նշանակում, որ իրենք ինձնից կամ Ձեզնից վատն են, իրենք պարտվել են, իսկ մենք՝ հաղթել, իրենք դժբախտ են, մենք՝ երջանիկ:
-Իհարկե՝ համաձայն եմ, բայց այնուամենայնիվ ռիսկային լսարան է. փորձ է արվում դիպչել ցավի զոնային և չգիտես՝ այդ ցավը քեզ ինչպես կպատասխանի, ինչ կասեն Ձեզ այդ տառապյալ կանայք: Միգուցե ապավինում եք Ձեր երկրորդ՝ հոգեբանի՞ մասնագիտությունը, գիտեմ, որ Ամերիկայում աշխատել եք մահամերձ հիվանդների, համասեռամոլների հետ: Բայց հայ կինը մի այլ ֆենոմեն է, գիտությանն անհայտ, անքննելի մի գոյություն:
- Ես որպես բանաստեղծ եմ գնում նրանց մոտ. բանաստեղծ լինել արդեն նշանակում է հանցավոր և հանցակից լինել։ Հանցակից այն իմաստով, որ բանաստեղծն ինչպես Աստված ոչնչից արարում է մի նոր իրականություն. դա Աստծուն ձեռնոց նետելու նման բան է, հանցանք: Պարզապես տարբերությունն այն է, որ այս կանայք իրենց կատարած հանցանքի համար պատժվում են, իսկ մենք՝ արվեստագետներս՝ ոչ: Թեև պատիժը միայն ֆիզիկական ազատազրկումը չէ, կան այլ պատիժներ, որոնք սահմանված են արվեստագետի համար ստեղծագործական ճգնաժամից մինչև քամահրանք, մոռացություն: Կարող ես լինել ազատության մեջ և կորցնել քո ինքնությունը, շրջապատի վստահությունը, դա էլ մահ է, մահվան մեկ այլ տեսակ է։ Ես կուզեի նրանց ասել, որ ազատազրկումը մարդուն պատահած ամենամեծ պատիժը չէ: Դոստոևսկին անցնելով դրա միջով կարողացավ ստեղծել իր գլուխգործոցները. նա, կարծեմ, հենց ազատազրկման վայրում կուտակեց մարդկային այդքան փորձ, որով հնարավոր եղավ ստեղծել այդպիսի հանճարեղ գործեր, որ ցնցեցին ամբողջ աշխարհը:
-Դե՝ հա. ստեղծագործությունը ցավագարություն է: Դոստոևսկու իշխան Միշկինը մի տողով հենց այդ մասին է ասում՝ երկար գնալ ուղիղ գծով և ապա անցնել այդ գծի հետևը, փաստորեն հենց այդ ցավի կետն է երկրի և երկնքի հանդիպման վայրը: Կալանավայրերի ճարտարապետության մեջ տիպականը հենց այդ ուղիղ գծերն են, միգուցե դրանք մտածված են հոգեբանական ճնշումը կատարյալ դարձնելու համար, բայց դա, այնուամենայնիվ, նույնպես մարդկային ստեղծագործություն է, ցավի մասին մի հզոր տեքստ : Նախկինում ես բացառապես հիանում էի գրական սխրանքներով, բայց հիմա մի տեսակ նաև կարեկցանքով եմ լցվում նրանց հեղինակների հանդեպ, մտածում եմ՝ ինչ մեծ ողբերգություն է ապրել այս մարդը, որքան ցավ է քաշել: Հիմա Ձեր «Լիբրետո անապատի համար» գիրքը հզոր լինելով հանդերձ, իսկապես մի խորը ցավքաշություն է. ցավքաշը ցավքաշին կարո՞ղ է առաջնորդել:
-Ինձ թվում է, այդ գրքի համար ավելի կատարյալ լսարան հնարավոր չէր գտնել: Չէ՞ որ իմ այս գրքի լեյտմոտիվը ընդհատված կանացի երջանկությունն է` իր ժամանակի զոհը դարձած կնոջ ողբերգությունը: Լսարանի այսպիսի ընտրության պատճառը ոչ թե գաղութի կանանց Ցեղասպանության անմեղ զոհերի հետ նույնացնելն էր, այլ այն գիտակցումը, որ անկախ հանգամանքներից նրա՛նք են այսօրվա զրկանքի ու նվաստացման ճանապարհի ուղևորները, մեր ժամանակի «ոգով աղքատները», (սխալ է «հոգով աղքատները»), ովքեր ճակատագրի բերումով առավել ունակ են հասկանալու ընդհատված կանացի երջանկության ցավը, իսկ անհուսության բերումով նաև առավել պատրաստ խոսքի զորությանը ապավինելու: Առավել բարենպաստ ժամանակի մեջ այս կանանցից յուրաքանչյուրը մի գերդաստանի տիրուհի կարող էր լինել. ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է ընթացել: Ամեն ժամանակ իր զոհերն ունի, և ակամայից սկսում ես մտածել այս կանանց վիճակված ժամանակի, պատերազմի ու նրա արհավիրքների շարունակականության մասին, որովհետև այդ կանանցից յուրաքանչյուրը մի նոր ավերված տուն է: Այն ինչ կատարվում է այսօր մարդու հետ, այս սպառողականությունը, նյութի վրա այս սևեռումը իսկապես շիզոֆրենիա է, ես սա արդեն որպես հոգեբան եմ ասում՝ մարդու բանականությունն արդեն կտրվում է իրականությունից, իսկ ամենաահավորը մարդու մենությունն է: Իսկ արվեստը փրկում, ազատում է մարդուն մենության ցավից: Բառի դրախտը հենց պոետի շրթունքի վրա է, ես այս բառերով եմ գնում այդ կանանց մոտ:
-Լավ սիրելի Սոնա, չէի ցանկանա այս կարևոր հանդիպումից առաջ Ձեզնից կորզել բոլոր այդ բառերը. բարձրաձայն ասված բաները կարծես կորցնում են գրի նշանը: Սեփական փորձից գիտեմ, որ գրելիքը ցնդում է խոսելիք դառնալիս. բանը կամ խոսելու է, կամ՝ գրելու: Իսկ մեկ անգամ ասվածը կորցնում է վրայի սերը, նախնական ուժը, զորությունը: Դադար առնենք և մեր զրույցը շարունակենք կանանց հետ Ձեր հանդիպումից հետո:Կարծում եմ հետաքրքիր սցենար կստացվի:
Ես կույսն եմ, հարճն ու ծառան կավատ անապատի, կնավաճառ ուրվականը նրանց և պոետը
Սոնա Վան
Լիբրետո անապատի համար
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ- Բոլորն ինչ ուշադրությամբ են լսում, ափսոս այսօր թարգմանիչ չունեմ, որ խնդրեմ, կարող եք ասել, թե տիկինն այս պահին ինչ է խոսում:
-Սիրով, իհարկե.խոսում է մարդու մեջ միաժամանակ ապրող չարի և բարու մասին, փորձեմ՝ սինքրոն գնալ խոսքի ետևից.,,… ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը երբեք չմոռանա, որ մենք շատ ավելին ենք, քան մեր ամբողջ կյանքում կատարած սխալ ու ճիշտ արարքների ամբողջական գումարը, որ մենք ամեն պահ կարող ենք վերադառնալ մեր նախնական աստվածային էությանը: Աստված մեզ արարել է իր նմանությամբ և կերպարանքով։ Այնպես որ ձեր մեջ նստած է այդ աստվածային էության հատիկը, որը վայրկյան է սպասում, որպեսզի ձեր մեջ ծաղկի վերածվի։ Լինել ավելին, քան երբևէ պատկերացրել եք: Դուք այստեղ ունեք ձեր մեջ նստած աստվածային հատիկին անդրադառնալու բացառիկ հնարավորություն, որովհետև սահմանափակ ժամանակը, ազատությունն ու տարածությունը ստեղծում է այդպիսի հնարավորություն։ Դուք կարող եք ձեզ վերակերտել...
-Իսկ Ձեզ ինչ տվեց այս հանդիպումը, կարող է ձանձրացաք, հոգնեցիք:
-Վայ, ինչ եք ասում, չէ: Էն թռչունի մասին որ պատմեց, արցունքներս հազիվ էի զսպում:Մեկ-մեկ ես էլ նույն ձևի մի ծիտ եմ տեսնում պատուհանից ու իրա պես հետը զրույց անում…
-Ափսոս, էդ մասը երևի ես չլսեցի, դրսում հարցազրույցներ էի անում , ի՞նչ ասաց էդ թռչունի մասին:
-Բա ես քեզ հիմա ո՞նց պատմեմ:
-Չեք հիշո՞ւմ:
-Անգիր եմ հիշում՝ էդ հեչ: Ասեց, երբ ոտքս կոտրել էի և տանն էի մի 6 ամիս, ես էլ հասկացա, թե ինչ բան է էդ ազատազրկված լինելը։ Բայց ասեց, էդ վիճակում դե լիքը բան չես կարա անես: Բայց կարաս լիքը մտածես ու ասեց, որ մի թռչուն գալիս էր ամեն օր նստում էր պատուհանիս ու՝ ոնց որ էդ իմ միակ կապը լիներ էլի դրսի աշխարհի հետ: Դե ինքը ավելի լավ պատմեց, ես իրա պես չեմ կարա, բայց ասեց, որ հենց նրա մասին էլ տենց պառկած գիրք եմ գրել:
- Հա «Զառա անունով թռչունը» ձեզ բոլորիդ բերել է այդ գրքից, կկարդաք:
-Մեզ կտա՞ն:
-Ոնց չեն տա, ինքը ձեզ է նվիրել, դրեց վերևում, որ ձեզ տան: Բայց քո կարծիքով, այստեղ քանի՞սը կուզեն վերցնել, կարդալ այդ գիրքը:
-Կեսից շատը հաստատ կուզի:
-Քո կարծիքով բանաստեղծությունը կարևոր, արժեքավո՞ր բան է:
-Իհարկե:
-Ինչո՞ւ. առանց բանաստեղծության չի ապրվի՞, հազարավոր մարդիկ առանց բանաստեղծության էլ կուշտուկուռ ապրում են:
-Հազարավոր հանցագործներ էլ իրանց համար ազատ ման են գալիս, մարդ են սպանում և իրենց չեն բռնում, խիղճներն էլ չի տանջում իրանց. Իսահակյան կարդացե՞լ ես, որ ասում ա՝ բանտում բռնված գողերն են, դրսում՝ չբռնված գողերը: Բայց հլը ստեղ էնքան անմեղ մարդ կա…
-Բայց մարդը տեղով, ի ծնե մեղավոր արարած չէ՞.աշխարհում որևէ անմեղ մարդ կա՞: Օրինակ՝ բարկանալը, ծուլանալը կամ թեկուզ հպարտանալը մահացու մեղքեր են, բայց ես չգիտեմ գոնե մեկին, որ կարող է գլուխ գովալ, թե այդպիսի մեղքեր չի գործել:
-Ես էլ գիտեմ, որ դրանք 7 մահացու մեղքերի մեջ են մտնում, բայց դե դաղալ բան ա էլի ստացվում:
-Դաղալը լավ ասիր, բայց ի՞նչն է էստեղ դաղալ:
-Դե որ տանում են մարդասպանությունն ու ասենք մի քիչ ծուլանալը, կամ մի քիչ գլուխ գովալը դնում նույն բուկետի մեջ:
-Բայց դա էլ հոգին, էությունը սպանող բաներ չե՞ն. ինչու մարմնի սպանությունը մեղք է, հոգունը՝ ոչ:
-Չգիտեմ, եթե մարդ ես, չես կարող չջղայնանալ, անգամ շունը, կատուն են ջղայնանում, մարդը ո՞նց կարող է առանց ջղայնանալու ապրել, էն էլ էս դաժան կյանքում, որ ամեն բան ներվերդ քանդում ա: Դու էդ կրոնական բաներին շատ մի հավատա: Չտեսա՞ր, Սոնա Վանն էլ ասեց նույն բանը, որ ինքը կրոնի, եկեղեցու գերի երբեք չի եղել:
-Բա ինչին է պետք հավատալ, դու ինչի՞ն ես հավատում:
- Ե՞ս.ասեմ՝ կզարմանաս: Ես մենակ մի բանի եմ հավատում՝ իմ տեսած երազներին, ինչ տեսնում եմ՝ լինում ա: Էդ օրը, որ ինձ բռնեցին, ես երազը տեսել էի, վեր կացա երազս մարդուս պատմեցի, ասեց՝ էտի քո ֆանտաստիկան ա, չհավատաց: Բայց երկու ժամ հետո խանութից ինձ տարան ու նույն ձևի, ինչ ձևի տեսել էի, անգամ էդ տանողների դեմքերն էի ես տեսել: Երազից ճիշտ բան չկա: Հիմի մի բան ասեմ՝ մազերդ բիզ-բիզ կանգնի՝ ես ստեղ ձեր գալն էի էսօր երազիս տեսել, ես երեք տարի ստեղ եմ, էս բանաստեղծուհուն որտեղի՞ց պիտի ես իմանայի, բայց ես նրան տեսել էի երազիս, որ ներս մտավ՝ սարսռեցի, նույն գլխարկով, նույն շորերով. ոնց որ ինքն ամեն ինչ իմանար իմ մասին, դու չտեսա՞ր, որ ինչ խոսում էր, մենակ ինձ էր նայում, ինձ էր ասում: Դու լսեցի՞ր էն բանաստեղծությունը, որ ասում ա՝ անմեղ մեղավորի տեղը հենց դրախտն ա, էդպես չէր է՜, ինքն ավելի լավ էր գրել, ո՞նց էր…
-Մեռնելուց հետո տեսնես որտեղ են գնում ինձ նման աղջիկները այն, որ ոչ անմեղ են, ոչ շատ մեղավոր,
Ինչպե՞ս է տեսնես ջերմաստիճանը դրախտի հեռու արվարձաններում:
շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան (tert.am \2016/02/28)