top of page

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԱՄ / ԳՅՈԹԵ/ Սոնա Վանի նամակը` Արտաշես Հովսեփյանի աճյունը պանթեոնում ամփոփելու պահանջով

Արտաշես Հովսեփյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու հարցը քննարկման խնդիր դարձնելն իսկ արդեն անբարո է: Խոսքն արդյոք այն մարմնի մասի՞ն է, հոգու այն հանդերձի կամ ա՞յն կաղապարի, որի պարունակությունը մինչեւ վերջ դատարկվել է արդեն սեփական հողի մեջ, բաշխվել բազում քարե հսկաների միջեւ, որոնց ճակատների լույսով ամեն օր արթնանում է քաղաքը: Դժվար է հավատալ, որ մինչեւ իսկ իշխանավորը չի գիտակցում, որ Հովսեփյանի հոգին վաղուց վաստակել է իր անմահության իրավունքը երկրի վրա եւ որ ավելին լինել պարզապես հնարավոր չէ: Աստծո ընտրյալի հետմահու ճակատագիրը ճիշտ ու ազնիվ տնօրինելը նույնքան կարեւոր է, որքան մեր ժողովրդի հավաքական հիշողության, հայ հանճարի գենի ու դրանով պարծենալու կամ ամաչելու ընտրության մեր իրավուքի պաշտպանությունը, եթե իհարկե հոգեւոր արժեքների եւ չափանիշների երկրաշարժը դեռ չի ավերել ամեն բան ու դեռեւս վաճառված կամ սեփականաշնորհված չեն տարածքի մնացած գերեզմանահողերը: Հանդերձը այն հոգու, որն արժանացել է Աստծո շնորհին, չի կարող այդքան վրիպել իր ժողովրդի, իր պետության եւ մինչեւ իսկ իր իշխանավորի աչքից: Չկա Աստվածուհին, նրան կորցրիրԲայց հանդերձանքն էլ է աստվածայինՕգտվի՛ր քեզ տրված վեհ շնորհիցԿառչի՛ր հանդերձանքիցԳյոթեն (որին սիրում էր ցիտել Վարպետը), իշխաններին խորհուրդ է տալիս ազնիվ վճիռ կայացնել, եղե՛ք ազնիվ, «որպեսզի արդարացնեք թագերը ձեր»: (Հուսով եմ, որ այս պատգամը կարթնացնի այն իշխանավորներին, ովքեր ոչ թե քինախնդիր են կամ անտեղյակ, այլ պարզապես մի փոքր մոռացկոտ են): Հոգիների հերարխիայի երկրային մատյանում կատարված ամեն սխալ պատժվում է երկնքի ու հավերժության օրենքներով, որի բոցերից ապահովագրված չէ եւ ոչ մեկի զավակը:


Հանճարն իր տունը կառուցում է երկնքում ու հեռանում է` հոգին Աստծուն, գործը` ժողովրդին, իսկ մարմինը հողին հանձնելուց հետո, հեռանում է թեթեւացած` ներքեւում թողած իր քարե հեքիաթը, որը անցորդին կշարունակի նայել նույն իմաստուն մանկան հայացքով, ստիպելով նրան վեհանալ կամ ամաչել- անկախ իր աճյունի վայրից: Հանճարի կռիվը սատանայի հետ է, զրույցը` Աստծո, հավերժության ու ժամանակի: Շահավետ կապեր ու հարաբերություններ ստեղծելը երբեւէ նպատակ չի դառնում այս անբարիշտ հոգու համար, որի պատիժը հաճախ մարմինն է կրում: (Տես Գուրզադյանի պատմությունը: Այս առումով ամաչելու պատճառներ մենք շատ ունենք` չհավելենք եւս մեկը): Ափսոս, որ անցավոր հանճարները չեն ընտրում իրենց ապագա հարեւաններին ու մենք` ողջերս երբեւէ հաղորդակից չենք լինում նրանց բողոքներին: Հանճարը չի՛ ապրում, նա պարտքեր է փակում. Աստծոն, ժողովրդին, ժամանակին, գեղեցկությանը… եւ կյանքի ժամանակը երբեւէ բավարար չի լինում այդ ամենը մարելու համար: Այդ է պատճառը, որ նա սովորաբար հեռանում է մի փոքր շվարած… մի փոքր ամաչելով: Ի՞նչ պատասխան է տալու Արարչին` չարածների համար: Իսկ ի՞նչ պատասխան ենք տալու մենք` մեր սերունդներին կամ ինքներս մեզ: Ես սարսափում եմ երեւանյան այն նոր առավոտից, երբ պիտի նայեմ քարե Թամանյանի աչքերի մեջ ու … ամաչեմ: Իսկ դո՞ւ: Ի՞նչ պատասխան եմ տալու նրա կերտած քարե կիսաստվածներին: Այս միտքն ինձ արդեն վախեցնում է: Իսկ քե՞զ: Այլապես նրա՞ն ինչ: Տե՛ս, գնում է արդեն մանկան պես` կավոտ ձեռքերը գետնին քսելով: Գնում է անտարբեր հանդերձանքին ու կաղապարին հոգու, որի հետ կռվել է այսքան տարի: Հիմա այն մե՛ր գանձն է: Վարվենք նրա հետ ըստ արժանվույն: Բայց հիշե՛նք: Առավոտյան հանդիպելու ենք նրան նորից:Ք ա ղ ա ք ը Ն ա՛ է:Հ.Գ. Կառչենք հանդերձանքից: Այլապես ցեխն էլ է օծյալ, եթե նրա մեջ Սուրբ է պառկած: (Վ.Վ.)Հ.Գ.- 2 Ցավում եմ, որ ստիպված եմ շատախոսել այն պահին, երբ հոգուս իսկական ցանկությունը կատարյալ լռությունն է:


Սոնա Վան


bottom of page