top of page

ՊՈԵՄ-ՈԳԵԿԱՆՉ

Նյու Յորքում կայացած գրքի միջազգային Book Expo America (BEA) ցուցահանդեսին Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում: Հյուսիսային Ամերիկայում գրքի ամենախոշոր փառատոնի շրջանակներում «Հայաստան» տաղավարի սրահում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տարաբնույթ գրքերի շարքում ներկայացված էին նաև հայոց ողբերգական իրադարձությունների մասին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հինգ հեղինակների ստեղծագործություններ:

Աննա Աստվածատրյանի «Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն»-ը Սումգայիթի ու Բաքվի ջարդերի վավերագրությունն է, որ իր տատիկի խորհրդով քսան տարի առաջ օրագրել էր Աննան և այժմ վերածել գրքի: Սքաթ Թուֆենքչյանին է պատկանում «Հայկական Սփյուռք նախագիծը», որը հեղինակի հայկական ինքնության «հետապնդումն» է աշխարհից աշխարհ: Սքաթը եղել է քսաներկու երկրներում և լուսանկարել հայերին: Ներկայացված էին նաև Նենսի Կրիկորյանի «Ողջ լույսը, որ այնտեղ կար», Մարիան Մեսրոպյան-Մաքքարդիի «Սրբազան արդարադատություն», Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան՝ 100 տարի անց», Դանա Ուոլրըթի «Ինչպէս ջուրը և քարը» գրքերը:

Հայ ինքնության հայտնաբերումը, ցեղասպանության վերընկալումը, վերապրածի հոգեբանության, դիմադրության ու պատմության գեղարվեստականացման փորձը. սրանք էին, որ ընդհանրացնում էին հայ հեղինակների աշխատանքները:


ԳՐՔԵՐԻՑ ՄԵԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Ամերիկաբնակ պոետ, էսսեիստ Սոնա Վանը ներկայացրել է «Լիբրետո անապատի համար» բանաստեղծական ժողովածուն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին, ում մտորումներն էլ դարձան իմ (լրագրող Անի Թադևոսյան – խմբ.)՝ ու Սոնա Վանի զրույցի թեման:

«Լիբրետո անապատի համար» գիրքը կազմված է այնպիսի մոտեցմամբ, որպեսզի այն դրամատուրգիական իր ամբողջության մեջ ընթերցողին հասնի իբրև ինքնատիպ մեկնությամբ մի նոր պատմություն՝ կինն ընդդեմ պատերազմների, որոնցից 1915 թ. Առաջին աշխարհամարտի քողի տակ է իրականացվել Ապրիլքսանչորսյան Մեծ Եղեռնը: Որպես ցեղասպանությունը վերապրողի ժառանգ, Սոնա Վանը մարմնավորում է արհավիրքի շարունակական ցավը, թարմացնում հայի արյան հավաքական հիշողությունը, միաժամանակ հրաժարվելով թանձր գույներից, պատերազմի ու ցեղասպանության նատուրալիստական-վավերական տեսարաններով ընթերցողին ցնցելու հնարքից: Սոնա Վանին հաջողվում է իրեն հասած դեպքերի հուշապատումները այլաբանական ենթատեքստերով վերարտադրելու շնորհիվ կերտել պոետական հզոր պատկերներ. «լսի՛ր… պարտավոր ես // քանզի // ես եմ Դեր Զորի վերջին հարսը // քողս // ավազե փոշեմրրիկ // վազում եմ // քաշելով անապատը // հավելումի նման // հարսնաշորիս»:

Եղեռնագործությունների մասին Սոնա Վանին առաջին պատմությունները հասել են հոր՝ ֆիզիկոս Անուշավան Տեր-Հովհաննիսյանի կողմից պապի` Գերմանիայում դավանություն ու փիլիսոփայություն ուսանած, Վանի ինքնապաշտպանության ակտիվ մասնակից Հովհաննես Տեր-Հովհաննիսյանի և հորաքրոջ՝ Փեփրոնիայի հիշողություններով, ով այդ տարիներին սիրահարված էր և սպասում էր իր ամուսնական արարողությանը, որն այդպես էլ տեղի չունեցավ…

Սոնա Վան. «Հորաքույրս այդ օրերին պատրաստվում էր ամուսնանալ և զբաղված էր իր հարսանեկան հագուստը հարդարելով: «Լիբրետո անապատի համար» պոեմի իմ հերոսուհին նույնպես ցեղասպանության պատճառով չհարսնացած կույս է, յաթաղանով ընդհատված իր անմեղությամբ: Գիրքը նվիրվում է ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակներին: Եվ անհատապես` հորաքրոջս, որպես հավաքական կերպար -խորհրդանիշ այն բոլոր կույսերի, որոնց հարսնաքողերը չհասցրին մտնել եկեղեցի: Իմ հերոսը ֆիզիկապես փրկված, բայց արժանապատիվ զգալու հնարավորությունը կորցրած մարդն է, ով ստիպված է քարշ տալ իր գոյությունը, ապրելով դժնի տարիների մղձավանջային երազներով, նաև ինչ-որ տեղ ամաչելով «փրկված»-ի իր գոյության համար: Ինձ ամենից շատ վախեցնում է մարդու հարմարվելը առանց խնդության և երջանկության ապրելուն, որը նշանակում է ոճրի գիտակցման հանրայնացում ու չարի առօրեականացում: »:

Սոնա Վանի ցեղասպանության թեմայով գործերում զոհերի կողքին՝ երջանկությունից զրկված անհաշվարկելի զոհեր են եղել, իսկ փրկվա՞ծը… նա այլևս անզոր է ապրել երջանիկ լինելու վայելքը: Սա է առիթ տալիս մտածելու, որ մենք՝ հայերս, դեռ չենք հասցրել հասկանալ ու պատկերացնել պատճառած ցավի այն ահագնությունը, որի հետ արդեն հարյուր տարի ապրում ենք ծանրագույն հիշողություններով:

Սոնա Վան. «Մեծ գործեր ստեղծելու համար Մեծ Եղեռնի միջով անցած լինելը անհրաժեշտություն չէ: Պայմանը մեծ գրող լինելն է միայն: Այնպիսին, ով կկարողանա իր երևակայությամբ վերստեղծել և թրծված ու կիրթ զգայարաններով ճշմարիտ վերապրել եղածը: Հաշվի առնելով ողբերգության այն տեսակը, որի նկարագրության համար անհրաժեշտ եղավ բառարանում նոր բառ ավելացնել, ընդամենը հարյուր տարին բավարար ժամանակ է, որպեսզի հայ գրողը կարողանա լիովին իր արյան ու երևակայության մեջ ներարկել ողջ արհավիրքի էութաբանությունը: Այդ առումով, հարյուր տարի անց, «հետ-ցեղասպանության» գրականությունը կարելի է դիտել որպես մեծ տրավմայի (հոգեխոցի) հոգեբանական ու երևակայական էվոլյուցիայի բնականոն արձագանք ու որևէ մեծ գրողի առկայության պարագայում՝ կոթողային մեծ գործերը դեռ նոր են ծնվելու: Ինչ խոսք, որ աշխարհի անտարբերությունն ու լռությունը խորհրդային տարիների քողարկող քաղաքականությունը ևս երկարաձգեց այս ընթացքը, քանի որ ճշմարիտ գրողի միտքը, հատկապես արձակագրի՝ իր մեջ աստվածային ֆունկցիա ունի` գեղարվեստով լրացնելու պատմագրությունը, երբ գրում է իրական թեմայի վերաբերյալ, որն իր արյան դեռևս չճանաչված ու չփոխհատուցված ողբերգությունն է: Այս դեպքում հայ գրողի միտքը առավել կարևոր է դառնում ապացուցելու կատարվածը` փաստերը համադրելով, քան մինչ իր մեդիտատիվ (մտախոհական) լռության մեջ այն գեղարվեստական պատումի վերածելը»:

Քաղաքակիրթ աշխարհում դեռևս շարունակվող ցեղասպանությունների և պատերազմների իրականության մեջ Սոնա Վանի պոեզիան մտածողության, պատկերների և աշխարհայացքի ընկալման յուրօրինակությամբ նոր ու կարևոր հարցադրումներ է առաջ բերում՝ հատկապես կանացի ինքնության զգացական անշոշափելի, բայց նույնքան իրական կյանքի փիլիսոփայության շուրջ, որը հայ պոեզիայի «ամոթխած» լինելու պատճառով հաճախ ստվերում է մնացել: Սոնա Վանի գործերում կինը վերափոխվում-նույնանում է մոր, սիրուհու, կնոջ հաճախ միստիկ, պաշտելի ու տեսանելի կերպարների: Խաղաղ ընտանիք հաստատելու կանացի բնազդին զուգահեռ՝ Սոնայի հերոսուհիները սեփական երջանկության, ինչպես և Երկիր մոլորակ-տան խաղաղության ու արդարության պատասխանատվությունն են կրում:

Սոնա Վան. «Պատերազմ բառը պիտի ամեն կերպ ջնջել մարդկային հիշողությունից այնպես, որ այն լսողի մոտ աբսուրդի զգացողություն առաջացնի, իսկ մինչ այդ պատերազմներն ու ցեղասպանությունները շարունակվում են: Փոխարենը, մեր օրերում պատերազմ և հակամարտություն բառերը ոչ թե մոռացության չեն տրվում, այլև՝ դրվում են այնպիսի բառակապակցությունների մեջ, որ բարու ու գեղեցիկի զուգորդումներ են ծնում մեր ուղեղներում՝ այդպիսով հավերժացնելով չարի դաժան գոյության ուրվականը` օրինակ՝ վարդերի պատերազմ, սրբազան պատերազմ, եղբայրական ռումբեր և այլն: Մինչդեռ՝ պատերազմը ինքնին միայն տխեղծություն է, իսկ տխեղծը գեղեցիկի և վեհի հետ կապակցելը շփոթեցնում է մարդու բարոյական մեխանիզմը՝ չարը, տգեղը, ոճիրը մեխանիկորեն մերժելու նրա աստվածատուր բնազդը ու նաև ապականում նրա բարոյական հիշողությունը: Պատերազմ – ցեղասպանություն կործանարար երևույթը հավաքական իմաստով դև է, իսկ դևն արդար ու անարդար չի լինում: Սա բառի, որպես Աստծո, որպես ամենայն ինչի սկզբի խեղաթյուրումն է: Բանաստեղծի խնդիրն է՝ թույլ չտալ, որպեսզի աստվածային սկիզբը՝ բառը, դուրս բերվի միանշանակության իր պոետական դրախտից և տեղափոխվի շահի ու քաղաքականության դաշտ, ծառայի պատերազմի մսաղացին: Սա քաոս տանող միակ ճանապարհն է»:

Նշենք, որ «Լիբրետո անապատի համար» ժողովածուն թարգմանվել է 9 լեզվով, որոշները տպագրական փուլում են, այդ թվում՝ Թուրքիայում, Մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքօլուն նախաձեռնել է և Ստամբուլի իր հրատարակչությունում շուտով լույս կընծայի (թարգմանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը): Թուրք մտավորականը բարձր է գնահատել Սոնա Վանի պոեզիան՝ որակելով որպես. «չափազանց ազդեցիկ, պարզապես հրաշք պոեզիա»:

Համառուսաստանյան «Պոետ» ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայան քաջածանոթ լինելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուի՝ դեռևս նախնական տարբերակին (այստեղ նա ևս ունի թարգմանություններ), մահվանից առաջ հասցրեց արտահայտել պոետի գլխավոր ու նվիրական ստեղծագործական սխրանքի մասին առ այն, որ՝ «Հայերի ցեղասպանության թեմայով Սոնա Վանի գործերը անկասկած պետք է համարել մինչ օրս գրված ամենահզորներից մեկը»:

Գիրքը տպարան իջեցնելուց առաջ, ծանոթանալով անգլերեն տարբերակին (թարգմանիչ, գրականագիտության դոկտոր` Շուշան Ավագյան), ԱՄՆ կոնգրեսական, Հայ Դատի պաշտպան Ադամ Շիֆը մեզ է փոխանցել իր կարծիքը. «Սոնա Վանի կախարդայնորեն գեղեցիկ պոեզիան ստեղծում է հզոր պատկերներ, որոնք հետապնդում են մեզ, ինչպես անապատի ավազների տակ հանգչած հոգիների ուրվականները: Նրա հուզիչ տողերը վկայում են մեկուկես միլիոն անմեղ նահատակների` ծեր այրերի, կանանց ու երեխաների շուրթերով ոգեկանչերը, իսկ որոնց կենդանի ձայները խլացվում էին Հայոց ցեղասպանության տարիների ողջ ընթացքում: Հրաշալի է, որ այս գիրքը պետք է թարգմանվի օտար լեզուներով, որը կնպաստի աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների լիակատար իրազեկման գործին Մեծ Եղեռնի մասին: Սոնա Վանի այս գիրքը հրաշալի միջոց է կրթելու ու փոխակերպելու օտար ընթերցողների դեռևս թյուր իմացաբանական հայեցակետը պատմության այդ մութ ու արյունոտ էջի վերաբերյալ»:

Իսկ աշխարհահռչակ ցեղասպանագետ Յաիր Աուրոնը էլեկտրոնային փոստով ուղարկելով իր խոսքը՝ խնդրել է այն զետեղել գրքի վերջին էջում, որը և արվել է. «Ընթերցելով Սոնա Վանի զգայացունց բանաստեղծությունները, իմ հայ եղբայրների և քույրերի հետ կիսում եմ Հայոց ցեղասպանության արհավիրքի պատճառած վերքն ու ճանաչում դրա մերժման պատճառով առաջացած մեծ տրավմայի իրողությունը»:

Պատմությունը գրվում է հաղթողների կողմից և լի է չոր փաստերով ու թվերով, իսկ մարդկային ողբերգության ու մարդկային վիճակների մասին մենք իրազեկ ենք դառնում ճշմարիտ բանաստեղծի տողերում: Նրանց է վերապահված շարունակելու ականատեսների այն ողբերգական, տառապալից, մարդկային հոգին կարկամող պատմությունները, որոնց անսպառ թեմայից վերցված, խնկարկելի մի «պտղունց» հատվածի արտահայտման համար հարկավոր եղավ մի ամբողջ հարյուրամյա՞կ…՝ 2015-ի հարյուրամյակ՝ արդի հայ գրողների գրքերով, որոնցից մեկի՝ «Լիբրետո անապատի համար» եռապատում ժողովածուից մեջբերված մի բանաստեղծության (էջ 50) ոչ լրիվ՝ ութատողով հեղինակը մեկդարյա լռության հանդեպ զարմանքն է արտահայտում դիմելով Արարչին, և Նրա ստեղծած աշխարհին:

Հայր մեր որ համր ես

ու հետևաբար

ավելի սո՛ւր է հոտառությունդ

ո՞նց ես դիմանում այս գարշահոտին

արյան

որ հավաքվել է այսքա՜ն հազար տարի

————————————————

Դու մի՞շտ ես լռակյաց եղել այսքան

թե՞ վերջերս ես համրացել


Հեղինակ- Անի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԱղբյուրը-: http://www.grakantert.am/%D5%BA%D5%B8%D5%A5%D5%B4-%D5%B8%D5%A3%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9/#sthash.prCLp63U.dpuf

bottom of page