top of page

Հովհաննես Սարդարյան «Հեղինակային նորաբանություն և բանաստեղծական նորարարություն»

(Սոնա Վանի պոեզիայի օրինակով)


Անկետադիր պոեզիան մեզանում համեմատաբար քիչ ուսումնասիրված գրելա-ոճերից է:

Որպես ավանդական գրելաոճերից “շեղում”` այն ասելիքն արտահայ-տելու` առաջին հայացքից երբեմն անընկալելի ձևեր ունի, իսկ այդ նոր ձևերը, բնա-կանաբար, ենթադրում են նոր բառիմաստների, արտահայտությունների և լեզ-վական` բանաստեղծություն կառուցելու

համար անհրաժեշտ ողջ տերմինահամա-կարգի նորովի դրսևորումներ` պայմանավորված առաջին հերթին տաղաչափական խնդիրներով: Սակայն սա ամենևին չի նսեմացնում տաղաչափական խնդիրների լուծման հարկավորությամբ ստեղծված նորաբանությունների գերակշիռ մեծամաս-նության բառային և արտահայտչաիմաստային արժեքը: Համենայնդեպս Սոնա Վանի պոեզիայում նորաբանությունների զննությունը այդպիսի տպավորություն չի ստեղ-ծում: Ավելին` այստեղ կան բառարտահայտման նոր ձևերի կիրառություններ, որոնք իրենց գործածության համատեքստից (նեղ գործածությունից) զատ շատ այլ համա-տեքստերում կարող են հանդես գալ իբրև նախորդ արտահայտչաձևի նախապատ-վելի (գերադասելի) կիրառություն: Օրինակ՝ երկնահրավեր – էջ 155, մահ բառին հա-մարժեք բառագործածության նոր իրողություն, փրկավճար – էջ 162 (համարժեք է փրկագին բառին) :


Այս ուսումնասիրության մեջ մեր առաջարկած վերտառության ծիրում Սոնա Վանի ստեղծագործության օրինակով կփորձենք դիտարկել հայ ժամանակակից անկետադիր պոեզիայի մի քանի առանձնահատկություններ և այդ առանձնահատ-կություններով պայմանավորված` հեղինակային նորաբանությունների ստեղծումն ու լեզվի կայուն բառաշերտում դրանց կիրառության հնարավորությունները: Հնարավոր է նաև հակառակը. նոր ոճ` պայմանավորված առաջին հերթին լեզվամտածողության զգալի յուրօրինակությամբ, նոր բառեր և արտահայտչամիջոցներ ստեղծելու կարողությամբ: Ի վերջո, ցանկացած հեղինակի թարմ մտածողություն ունենալը, նոր գաղափարների կրողը լինելը երևում է նաև նրա բառապաշարի յուրօրինակությունից, ինչն էլ առաջին հերթին ի զորու է փաստել նորաբան և նորարար (վերջինը` ոճի առումով) բանաստեղծի մասին:


Նախ կանգ առնենք Սոնա Վանի հեղինակային անհատական նորաբանությունների վրա և բառ, բառակապակցություն, մակդիր, քարացած ձև դառնալու միտում ցուցաբերող նորաբանություն-արտահայտությունների հնարավորինս ընդգրկուն ներկայցվող պատկերի ներքո փորձենք բացահայտել նորաբան Սոնա Վանին` որպես թարմ մտածողության նախապայման դիտարկելով նորաբանությունների մեջ նրա հաջողած լինելու չափը, որն էլ մեր կարծիքով մեծապես կնպաստի Սոնա Վանի ոճի առանձնահատկությունների բացահայտմանը՝ որպես նորարար հեղինակ` իբրև վերջնանպատակ ձևակերպելով այն հարցերի պատասխանները, որոնք առաջ ենք քաշել վերևում և դեռ պատրաստվում ենք հընթացս առաջադրել` անկետադիր ոճի ուսումնասիրությանը նվիրված մեր աշխա-տանքն ամբողջացնելու համար:


Նորաբանությունների վերոնշյալ տեսակները դիտարկել ենք “Ես անուն չունեմ”, “Ես ձայն եմ լսում” և “Չառա անունով թռչունը” ժողովածուների օրինակով:

Սոնա Վանի նորաբանությունները (փոխաբերություն, համեմատություն, չափազանցություն) գեղարվեստական պատկերավորման ընդհանուր համակարգում


Օրինակ` ցերեկահավատություն, իրիկնահավատություն (էջ 9), մեղքատուն, ուղեկորույս (էջ 28), կպրամուժ (էջ 39), թառափավարի (էջ 40) (ձկան նման – Հ. Ս.), թավշածաղիկ (էջ 50), կիսախինդ (էջ 56) (կիսաձայն-ի նման խինդն էլ փաստորեն կարող է լինել կիսով չափ: Սոնա Վանն ունի նաև “կես-սեր եմ միայն//ու կես-անքնություն” (էջ 134), “կես-ցավ//կես-սեր ես”, “կես-խիղճ//կես-մեղք ես” (էջ 149) արտահայտությունները – Հ.Ս.), երկնաբաղձ (էջ 65), բազմաճաճանչ (էջ 72), մազոխիստորեն (էջ 97) (մազոխիստի նման, պես նորաբանություն է միայն որեն մասնիկով՝ իբրև մակբայ – Հ.Ս.), փրփրաքող (էջ 103), պարապույթ (էջ 151) (պարապություն և պարապուրդ բառերի համարժեք բառագործության նոր իրողություն -Հ.Ս.), սրտագիր (էջ 167), անձեռնելի (էջ 175), հոդախախտվել (էջ 182), հազարաէջ (էջ 191), ծիսամոլ (էջ 202), գրքակեր (էջ 221), նախաամպեր (էջ 232), կորավոր (էջ 245), գազադուլ, սեռաշփոթներ (էջ 249):

Անեծքակիր (էջ 10), քանիսները (էջ 24, շատ-շատերը իմաստով – Հ.Ս.), այնքաններից (էջ 151. շատերից իմաստով, նույն իմաստն արտահայտելու համար Սոնա Վանն ունի երկու նորաբանություն – Հ.Ս.), շատոնց (էջ146), ձեռնաշեն (էջ 148), սուտակազարդ (էջ 155):

Ողբալաց, ութազդրանի (էջ 8), տասըձեռանի, տասնանդամանի (էջ 30), այգեպատ (էջ 37, այգիներով շրջապատված – Հ.Ս.), հոգեխախտված(ել) (էջ 56), ձեռնաշարժող (էջ 59), նախակին (էջ 71), գաղտնանվան(ուն) (էջ 158. ծածկանուն-ի նմանությամբ – Հ.Ս.), քարագույն (էջ 220), գաղտնաբեմ (էջ 225, կուլիս, ետնաբեմ բառերին համարժեք բառագործածության նոր իրողություն), պտտոց (էջ 235), ծրարածալ (էջ 244), շտրիխավոր (էջ 253), պոտենտ (էջ 279, իմպոտենտի հականիշը – Հ.Ս.), ետխնձորյա (էջ 280. նկատի ունի “կարմիր խնձորից” հետո – Հ.Ս.), հրեշտակատիպ (էջ 299)*, խաչածայր (էջ 308):

Սոնա Վանի նորաբանություններում մի ուշարժան երևույթ էլ է նկատվում. հեղինակը առանձին բառերի նկատմամբ կարծես գրական-ստեղծագործական-բառակազմական հետաքրքրություն է ցուցաբերում՝ դրանք ակտիվորեն ներառելով իր բազմաշերտ ու բազմաբնույթ նորաբանությունների համակարգում՝ այդ բառերով կերտելով ուղղակի և փոխաբերական իմաստով գործածվող բառակապակցություն և մակդիր նորաբանություններ:

Վերոնշյալը մասնավորեցնենք “չքմեղ, այրի, երազ, անսեռ, անխոս” բառերի զուգադրմամբ ստեղծված արտահայտություն-նորաբանություններով և ոսկի արմատով կազմված նոր բառերով. օրինակ՝ չքմեղ հայացք (էջ 14), չքմեղ օրորվել (էջ 32), չքմեղ խոնարհվել (էջ 43), այրի կույս (էջ 71), այրի հայացք (էջ 84), երազի դի (էջ 99. չիրականացված կամ մարած երազը՝ արտահայտված գեղարվեստականորեն – Հ.Ս.), արյունոտ երազ (էջ 190), վեցտողանի երազ (էջ 191), անսեռ հրեշտակ (էջ 31), անսեռ ձմեռ (էջ 188) , չքմեղ անմեղություն, անխոս համբերություն (էջ 16), անխոս աղերս (էջ 36), ոսկեկապույտ (էջ 104, բառարանում կան ոսկեկանաչ, ոսկեկարմիր, ոսկեդեղին բառերը. ոսկեկապույտ-ը գուներանգը բնորոշող նորաբանություն է – Հ.Ս.), ոսկեկտուց և ոսկեխաչ (էջ 258) , չքմեղ գլգլոց (էջ 90), չքմեղ ձուկ (էջ 91), չքմեղ խնդմնդալ (էջ 131), անսեռ նայել (էջ 12) :

Սոնա Վանը աչքի է ընկնում գերազանցապես մարդուն վերագրվող հատկա-նիշները այլ գոյականների ևս վերագրելով` ինչպես փոխաբերական, այնպես էլ ուղիղ իմաստով. օրինակ՝ գանգուր գառներ (էջ 56) , ցանկասեր օդ (էջ 27) , շնչառությանդ ձայնապնակը (էջ 93), սգվոր թիթեռներ (էջ 98) : Ինքնատիպ են սևագործ հրեշտակ (էջ 81), մորեմերկ ոտնատակեր (էջ 199) արտահայտությունները: (Մորեմերկ բառը օգտագործվում է ողջ մարմնի համար. մարմնի առանձին մասը բնորոշելուն կոչված այս կիրառությունը եզակի է և հանդես է գալիս իբրև համատեքստային պատկերավորման միջոց` թերևս միայն այս առումով համարվելով նորաբանություն –Հ.Ս.):

Նա աչքի է ընկնում նաև առաջին հայացքից չհամադրվող երկու հարթությունների միջև զուգահեռներ դնելով. օրինակ՝ նախորդ համբույրից մինչև հաջորդն ընկած պահ (էջ 57), ծնկների միջև նոսրացող սեր (էջ 152), նախորդ ու հաջորդ հևքերիս միջև շվարած շնչառություն (էջ 182):

“… ինձ զզվեցնում է // սավանի վրա // նախորդ ու հաջորդ // շարժման արանքում // լլկված // ազդրերի // անշարժությունը…” և “… սավանին ծորած // կեղծամս…” (էջ 83. որպես կանոն՝ ծորում է մեղրը, մուրաբան և այլն: “Ծորացող կեղծամը” ինքնատիպ պատկերավորման միջոց է – Հ.Ս.): “Դրախտի հեռու արվարձաններում” (էջ 85) , “…հոտավետ մեղքերի խնկաբույրում…” :

Սոնա Վանի ստեղծագործության մեջ հանդիպում են խոսակցական հայերենում գործածվող օտարածին բառերով կազմված նորաբանություններ: Օրինակ՝ երկնաբոյ (էջ 39) և լաքայոտ”- էջ 52 :

Հանդիպում է նաև նորաբանությունների եռակիրառություններ և կրկնա-կիրառություններ: Սիրաքաղց բառը հանդիպում է “Ես անուն չունեմ”-ի 84-րդ էջում, “Ես ձայն եմ լսում”-ի 149-րդ էջում և “Չառա անունով թռչունը” գրքի 12-րդ էջում: Հեղինակի մոտ եռակիրառություն է նաև կլոն բառի տարբեր խոսքամասային հոլովումներով հանդես գալը. “… քանի դեռ չի կլոնվել // գազամոլ դևի գենը…” , “Երբ կլոնվի Աստված // սև գառնուկի նման…” , “…պոչի պահպանված մի մազից // կլոնում է նորից (գիտնականը – Հ.Ս.) // ձին պատերազմի” :

Կրկնակիրառություններ են՝ առօրյա Աստված տարասեռականներ, գազամոլներ և գազամոլ (գազամոլ և գազամոլներ բառերի օրինակով մենք ունենք հեղինակային նորաբանություն և դրա հոգնակին կերտելու օրինակ – Հ.Ս., էջ 248-249), մոլիներ (էջ 56, 248), (վերջինի դեպքում մոլ ածանցը օգտագործվել է իբրև առանձին բառային միավոր – Հ.Ս.), կոնքիս դրախտում (էջ 67), անապահով դող (էջ 137, 139) , սեզոնային պոետ, տտիպ օր , նեո-հիպի աստվածուհի (էջ 54), անվերջական (էջ 73, 156), հավասարատես (էջ 85), անարատացավ (էջ 230), անկարգորեն (էջ 239) բառերը և բառակապակցությունները:

Հեղինակը “ան” և “չ” ժխտական մասնիկներով ստեղծել է բազմաթիվ նորաբանություններ. օրինակ՝ անարատանալ (էջ 230. անարատ դառնալ իմաստով – Հ.Ս.), անդիպչելի (էջ 265), անշուրթ (էջ 312, շուրթ, շրթունք չունեցող – Հ.Ս.) :

Նշենք, որ նորաբան հեղինակներից շատերը (օրինակ՝ Գր. Նարեկացին, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, այլք) իրենց ստեղծագործության մեջ կերտել են հայերենի բառապաշարի ակտիվ շերտում գործածվող բազմաթիվ բառերի ժխտական կիրառություններ, և այդ բառերը համարվում են նրանց հեղինակային անհատական նորաբանությունները: Այդ հեղինակների ստեղծագործությանը նվիրված գիտական հոդվածներում շատ ուսումնասիրողներ ուշադրությամբ զննել են նրանց բառապաշարի նորաբանություններն ընդհանրապես և բառի ժխտականի կերտումները՝ մասնավորապես՝ դրանք հաճախ համարելով ոչ թե սոսկ հականիշ տվյալ բառի համար, այլ իբրև առանձին բառագործածության նոր իրողություն՝ այսինքն նորաբանություն: (Տե՛ս Գ. Խաչատրյանի և Լ. Պետրոսյանի համահեղինակությամբ՝ “Նարեկացին՝ բառաստեղծ” հոդվածը):

Բնավ չենք բացառում այնպիսի կարծիքի գոյությունը, թե բառի ժխտականը սոսկ դրա հականիշն է, այլ ոչ առանձին բառագործածության նոր իրողություն: Սակայն բառագործածության նոր իրողություն հասկացությունը (հակված ենք մտածել, որ բառի ժխտականի կիրառությունը առանձին բառագործածության նոր իրողություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ հայերենում բազմաթիվ բառեր առավելապես համանիշ, ոչ թե սոսկ հոմանիշ են: Ասվածը վերաբերում է նաև տարբեր ժխտական նախածանցներով միևնույն բառի մի քանի ժխտականի ստեղծմանը. օրինակ՝ չբեկվող և անբեկուն բառերը հոմանիշ լինելով հանդերձ՝ առավելաբար համանիշ են՝ նկատի ունենալով հայերենում յուրաքանչյուր բառի իմաստանրբերանգային առանձնահատկությունները), մեր կարծիքով, պետք է վերագրելի-վերաբերելի լինի ինքնուրույն իմաստ արտահայտող ցանկացած բառային միավորի՝ անկախ դրա հետագա կիրառության շրջանակից:

Ասվածի հանգույն հակված ենք պնդել, որ հարկ է հաշվի առնել (առնվազն որպես փաստ արձանագրել) բառագործածության ցանկացած նոր իրողություն՝ իբրև նորաբանություն դրա ընկալումն ու բառապաշարի գործածական շերտին անցնելը թողնելով ժամանակին:

Հեղինակի մոտ կան -ոտ վերջածանցով կազմված նորաբանություններ, օրինակ՝ գունոտ, սրբոտ , գաղջոտ, քեզնոտ , ձայնոտ :

Հայերենում կան հասկացություններ, որոնք արտահայտվում են բարդություններով: Սոնա Վանը դրանցից մի քանիսի համար առաջարկում է միաբաղադրիչ-միաբառ ձևեր: Անարատ դառնալ բարդության համար՝ անարատանալ (էջ 220), համր քայլերով արտահայտության համար՝ համրաքայլով (էջ 246) , երազախաբ լինել-ի համար՝ երազախաբվել (էջ 94), հերթի դրված-ի համար՝ հերթադրված (էջ 126), հուդա դարձածի համար՝ հուդայացած (էջ 75) :

Սոնա Վանն աչքի է ընկնում քարացած ձև դառնալու միտում ցուցաբերող արտահայտություններ ստեղծելով: Օրինակ՝ հեզ դեղինն է գույնը քո սիրո (հեզ դեղին սեր) (էջ 25), բնորդի նման անշարժացած հիշողություն (էջ 52, նկատի ունի հիշողության կանգը. կարող է իբրև գեղարվեստական արտահայտչամիջոց կիրառվել նաև որպես քարացած ձև), փոքրիկի ժամանակը կոնքի դրախտում (էջ 67) . արգանդ բառի գեղարվեստական արտացոլքը պոեզիայում. “կոնքիս դրախտ”-ը քարացած ձև դառնալու միտում ցուցաբերող արտահայտություն է) և այլն:

Մակդրակիր նորաբանություններ

Հայերենում որոշ գաղափարներ մեկ բառով արտահայտելը շատ դժվար է, ուստի հաճախ հարկ է լինում դիմել բառակապակցության, մի քանի բառից բաղկացած արտահայտությունների և այլն: Սոնա Վանի պոեզիայում բազմաթիվ արտահայտություններ կան, որոնք դասական առումով գուցե նորաբանություն չեն, բայց, կարծում ենք, կարող են համարվել խոսքը նորովի ներկայացնելու միջոցներ:

Գեղարվեստական պատկերավորման համար կազմված արտահայտությունները և հատուկ այդ նպատակով կատարված աննախադեպ կամ սակավադեպ հանդիպող յուրօրինակ բառազուգորդումներն էլ թերևս նորաբանություն (իսկ ավելի շատ և ավելի շուտ հեղինակային նորարարություն) կարելի է համարել: Ասվածի հանգույն “բառակապակցություն, մակդիր-նորաբանություններ” ենթավերնագրի ներքո ներկայացնում ենք Սոնա Վանի պոեզիայում մեզ հանդիպած բառակապակցություն, մակդիր-նորաբանությունների մեծածավալ քանակ՝ բնավ հավակնություն չունենալով ասել, թե ներկայացվածը պոետի նորաբանությունների ամբողջությունն է (առավել ևս, որ նրա առաջին գրքի ուսումնասիրությունը մեր կողմից չի կատարվել), առավել ևս չհավակնելով ասել, թե այդ նորաբանությունների և նորարարությունների ո՛ր մասը և ինչպե՛ս իր տեղը կգտնի հայերենի բառագանձարանում և ինչպիսի գործածության ոլորտ ու մասսայականություն կունենա հանրության ընդհանուր բառապաշարում:

Նշենք, որ ասվածը վերաբերում է միայն ներկայացված բառակապակցություն, մակդիր-նորաբանություններին, իսկ բառ-նորաբանությունների մասին մենք վերն արդեն խոսել ենք և վերջում կձևակերպենք մեր եզրահանգումը:

Փետրե պսակ, անհավատ հոնք (էջ 15), արու հայացք (էջ 25), անմեղագույն հայացք (էջ 37. անմեղագույն-ը նորաբանություն է նաև իբրև առանձին բառագործածություն – Հ. Ս., տարերային բարություն (էջ 41), բութ օր (էջ 50), կավե Քրիստոս (էջ 59), քարաշեն ամպ (էջ 62. փոխաբերություն), սիրո գույն (էջ 25), խուլ լռություն, համառոտ սեր (էջ 79), աղոթք քլթքլթալ (էջ 81), մաշկիս լարումով (էջ 84), շփոթված շող (էջ 94. փոխաբերություն), ճոխ փայտոջիլ (էջ 95), տառապելու հայտ (էջ 97), քաոսի արարիչ (էջ 100), ծխախոտի մարմին (էջ 102. սիգարի, գլանակի ամբողջությունը` արտահայտված գեղարվեստորեն – Հ.Ս.), հուշի մարմին (էջ 106), խելահեղ ջուր (էջ 103. վարար, հորդ ջուր- Հ.Ս.), վարդագույն համբույր (էջ 108), փրկված շուրթեր (էջ 109), սարսուռ կրծքեր (էջ 111), մանկության լռություն (էջ 125), զոլավոր միտք, համառ շնչառություն (էջ 127), մաշկագույն լաթ (էջ 131). Սոնա Վանը գունային գամման պատկերելու համար դիմում է ոչ ստանդարտ լուծումների: Օրինակ՝ մաշկագույն լաթ և քարագույն …, անմեղության հաբ (էջ 133), տխրության հաբ , հասուն զայրույթ (էջ 137), հավատքի սնխչի (էջ 140), կասկածների ոտնահետքեր (սկզբնավորվող կասկածներ – Հ.Ս.), վիժվող հավատք (անհավատության սկզբնավորում – Հ.Ս.), լպրծուն գիշեր (էջ 141), հուշի պարան (էջ 142) հավատարմության թարգմանություն (էջ 149), առողջ տառապանք (էջ 150), ծույլ տառապանք (էջ 175) (ինչպես տեսնում ենք հեղինակի մոտ տառապանքը լինում է և՛ “առողջ”, և՛ “ծույլ” – Հ.Ս.), ավազե սեր (էջ 151. հեղհեղուկ, ոչ կայուն սեր – Հ.Ս.), եղեռնագործ ժամանակ (էջ 157). ձկների դրախտ (էջ 167), մրափող աշուն (աշնան վերջ-ձմռան սկիզբ, էջ 167 – Հ.Ս.), կիսաճաք ապակի – էջ 169 (հայտնի է ճաքած ապակի արտահայտությունը – Հ.Ս.), վեցմատնանի քամի (էջ 171. ուժեղ քամի, մրրիկ, փոթորիկ – Հ.Ս.), խեղանդամ հրեշտակ (էջ 172), բազմաձայն քրքջոցներ (էջ 176. որպես կանոն բազմաձայն կարող է լինել երգչախումբը), շվարած շնչառություն (էջ 182. հևասպառ, շնչասպառ, շնչամոլոր. վերջին բառը իմ հեղինակային նորաբանությունն է –Հ.Ս.), լայնեզր օրեր (էջ 185. ամռան երկար ցերեկներ – Հ.Ս.), քառակուսի լռություն (էջ 184), մահկանացու մաշկ (էջ 189. նկատի ունի մարդու մահկանացու լինելը –Հ.Ս.), թղթի թևերով ժպտացող մաշկ (էջ 59), կաշվե խաչ – էջ 193. եզակի գործածություն, ցույց է տալիս խաչի պատրաստման նյութը), հավելյալ երջանկություն, (էջ 194, երջանկության մեծ “ավելորդ” չափ – Հ.Ս.), սեզոնային հարություն (էջ 196), հասարակ սուրբ, ուշացող ներբաններ (ուշացումն արտահայտելու գեղարվեստական միջոց – Հ.Ս.), լուսե քրքիջ, հեղուկ ողբերգ, գունավոր ծիծաղ (էջ 199), թեթևամիտ կիրակի, ջիլ ազդրեր (էջ 200) (նկատի ունի ջլուտ, ջլապինդ. այս համատեքստում ջիլ-ը բառագործածության նոր իրողություն է – Հ.Ս.), ժառանգած մեղք, ձեռքբերովի անմեղություն (էջ 204), ընդհատվող տեսողություն (էջ 212-213), օրհնաբերան ծերեր (էջ 215. օրհնաբերան-ը կարող է համարվել նաև առանձին գործածությամբ բառ-նորաբանություն – Հ.Ս.), քաղաքի խիղճ (էջ 216), հապճեպ գաղտնագիր (էջ 217. երկու հիմնաբառերի նախադեպը չունեցող զուգադրություն՝ մակդիր-նորաբանություն – Հ.Ս.), դիպչել-ձուլվել (էջ 231) (նախադեպը չունեցող բառային համադրություն, մակդիր-նորաբանություն, էջ 231), երկիր-դրախտ վերելակ (էջ 136), թոքախտավոր բարձրախոս (էջ 220. թոքախտավոր-ը ցույց է տալիս բարձրախոսի անսարք լինելը. երևույթը գեղարվեստորեն արտահայտելուն կոչված մակդիր – Հ.Ս.), արևի կոճակ (էջ 221), ուշաթափված լույս (էջ 224. խամրած լույս բառակապակցության գեղարվեստորեն արտացոլումը պոեզիայում -Հ.Ս.), փղոսկրե լուսին, փքուն ամպ (էջ 231), գարնան ճաշակ (էջ 237), մանկամիտ սիմետրիկ երազներ (էջ 248), նոր տեսակի մոլիներ (էջ 248), “աղանդավոր մոլիների պես” (էջ 56):

Անսպասելի ճչաց թեյնիկս (էջ 7, եռալ բառի գեղարվեստական արտահայտում. փոխաբերություն – Հ.Ս.) օգոստոսյան ծույլ արևի կախված շուրթեր (չափազանցություն), լույսի վերջին հիշողությոմբ կանչող ձեռքեր (էջ 18) (համեմատություն), մազերի անխնամ ոսկի (համեմատություն) – էջ 19, հեզ դեղինն է գույնը քո սիրո (էջ 25) (սիրո հեզ դեղին գույն կամ հեզ դեղին սեր արտահայտությունը կարող է դառնալ քարացած ձև՝ արտահայտելով սիրո փոքրությունը կամ ոչ լիարժեք լինելը` պայմանավորված արտահայտության մեջ գործածված “սառը բառերի” համադրությամբ): Որ դեղինն այստեղ սիրո փոքրությունը, ոչ կատարյալ լինելը գեղարվեստորեն արտահայտելու ձև կամ միջոց է, թերևս պարզորոշ կերևա, երբ հեղինակի “հեզ դեղինն է գույնը Քո սիրո” արտահայտությունը զուգադրենք “իմ դեղին ծուլությունը//համառ” արտահայտությանը. մի տեղ սիրո գույնը հեզ դեղին է (իսկ մենք սովոր ենք, որ սերը վառ գույներով է պատկերվում) մեկ այլ տեղ ասում է՝ “իմ դեղին ծուլությունը համառ”: Այստեղ արդեն դեղին-ը ծուլության “ճշմարիտ” ցուցիչն է, իրավացիորեն ցուցանում է ծուլության առավելագույն չափը՝ յուրովի հաստատելով նաև մեր վերոնշյալ տեսակետը: Ոչ լիարժեք սեր հասկացությունը հեղինակն արտահայտում է նաև “ավազե սեր” արտահայտությամբ:

Ժամկետը անցած կյանքի օրեր (էջ 23), սխալների ռիթմիկ կրկնություն (շարունակվող սխալագործություն – Հ.Ս.), նուրբ մեղքերի ռիթմիկ կրկնություն (անընդհատ մեղք գործել, “նուրբ մեղքերը” նորաբանություն է նաև իբրև բառակապակցություն. “նուրբ”-ը այստեղ արտահայտում է “մեղք”-ի թեթևագույն աստիճանը – Հ.Ս., էջ 27):

Մեծաքանակ կանխատեսելի գեղեցկություն (էջ 35), հրեշտակների սուրբ սխալներ (էջ 37), ձեռքը գողանալ սիրածի բռունցքի միջից (էջ 43. փախցնել, հեռացնել բառի գեղարվեստական արտացոլումն է – Հ.Ս.), սերերս տանող փորձանոթների շարան (էջ 47), շրթունքներով կողպել կոպերը (փոխաբերություն – էջ 54), կրծքի պես ողորկ քարաղ (համեմատություն – էջ 56), կողքի շիրիմից զեփյուռի բերած նուրբ խնկահոտ (էջ 57), տարօրինակ հակատրոփ իմ աջ կրծքի տակ (էջ 58), թերթել հագուստները հաջորդական մեղքերի պես (համեմատություն), քո ափերի սրթսրթացող դրոշմները կրծքիս վրա (էջ 60-61), միևնույն աստծո տարբեր դերեր (էջ 65), կծկվիր… վերջին դրախտիդ կորստյան ցավից (էջ 67), արցունքիս համով (էջ 70), լացող ծառերի թափոր (էջ 71), սևեր հագած երազների թափոր (էջ 99), գրկիդ մրգահոտ դրախտը (էջ 80), դրախտի հեռու արվարձաններ (էջ 85), գողի պես մտնել կոպերի տակ (էջ 94), իրար հրելով առաջ եկող մեղքեր (էջ 97), փաթիլի նման անպաշտպան կույս, անզորությունից համրի կոկորդում լլկված բառ (էջ 101), զգոն շուրթերով դանդաղ զննել լռության ոսկին (էջ 102), նոր առավոտի արարում (էջ 103), հուշի մարմինը դանդաղ հրել (էջ 106), մատով թեթև ետ հրել հորիզոնը (չափազանցություն) – էջ 206, վարագույրների կախված կոպեր (էջ 108), անցյալիս հակառակ կողմից (էջ 114), անվճար թրջված բնորդ, շինանյութի պես իջնող անձրև (էջ 116), մատիտների պես գունոտ մատներով (էջ 117, համեմատություն), “իմ թրջված դեմքն է կտավից կաթում այտերիդ վրա” (էջ 116, փոխաբերություն), արևի ճխլված վերջին շողեր (չափազանցություն. մայրամուտի գեղարվեստական արտացոլումը պոեզիայում – Հ.Ս.), մեքենայիս ուղղությամբ շարժվող հիվանդ լուրեր (էջ 119), մեծ պայուսակի պարտաթղթերից թթված ընդերք, շողերի դատարկ տոպրակ (չջերմացնող արևը` գեղարվեստորեն), տուն գնացող արև (մայրամուտի գեղարվեստական արտացոլումը պոեզիայում – էջ 121), մատների հազարերանգ թրթիռներ (էջ 124), տաղտուկ անցյալի արխիվներ, այրվող խնկի պես անուշ բուրող անցյալ (էջ 125, համեմատություն), անցյալ չունեցող մարմին (էջ 126), խճողվել են թերի զառանցանքները (էջ 127), Աստծո Որդու երկվորյակի պես (էջ 130), ժամացույցը փնթփնթալով հավաքում է ժամանակը բերանի մեջ (Էջ 131. ժամանակի հսկայական կուտակում, անցնող օր ցույց տվող գեղարվեստական պատկերավորման միջոց – Հ.Ս.), մաշկից կարված կաղապար (էջ 134), զղջանքի կարոտից ճաքած շուրթերիդ վրա (էջ 139), հայելու վրա պապանձված ճանճի շնչառություն (էջ 142. լռության ամենաբարձր աստիճան որևէ տեղ – Հ.Ս.), հիշողության սրված անկյուն, երազների ու քնի սահմանը հսկող ոստիկան, դատարկ կրծկալի ստվեր (էջ 143), անվավեր ճանաչված սեր (կորցրած սեր – Հ.Ս., էջ 148), “Աստծո լռության արձագանք, անունդ ձայն է” (էջ 149. դիպուկ բնութագրական հատկանիշ Սիլվա Յուզբաշյանի համար ): Ամռան օրվա մեջ դանդաղ քայքայվող լույսի վերջին հիվանդ շերտ (էջ 151 – մայրամուտ – Հ.Ս.), երկու հնչյուններն իրար միացնող լռություն, համերգից հետո իր պատյանի մեջ պառկած ջութակ, առանց սխալի հանգավորվող լռություն (էջ 155), անդրաշխարհում պատահաբար բաց մնացած պատուհան (էջ 156), խեղդվող կոկորդում տառապող բառ, սադիստի պես կրկնապատել քայլերը մահվան (էջ 158), ագարի վրա աճեցվող հավատ (էջ 159), ծույլ օրացույցի ձանձրույթից կախված թերթիկ (խորհրդանշում է անանց թվացող տաղտուկ օրը – Հ. Ս., էջ 160), մայթի վրա խմորի նման թթված ձյուն (երկար ժամանակ չհալվող ձյուն – Հ. Ս., 162), մահվան քրջոտ փահլևան (էջ 164), զույգ աղավնիների դանդաղ արթնացում, աչքերի երջանկությունը թաքցնող կոպեր (էջ 165), բաց ծով երազող ձկան հայացք (էջ 166-167), անհաղորդ մնալ թշվառությանը (բարեկեցիկ ապրել –Հ.Ս, էջ 172), գերեզմանի միջից ծլող ծաղիկ (էջ 173), գերեզմանաթմբիցդ հառնող միաչքանի հորիզոնը, ճախրում ես (ճախրել – Հ.Ս.) զուգահեռ հավերժությունների միջով (էջ 174), քայլել մեկի երազից դուրս, բութ ու մեծ դարձող մենություն (համեմատություն) – էջ 175, ջլբաց ազդրերի ուրվականներ (ջլբաց-ը նաև բառ-նորաբանություն է – Հ.Ս.), հաճոյախոսող ցոփ-ցնորքներ, անհաշվենկատ միալար ու ծույլ հայհոյանք (էջ 176), զգալ (ունենալ-Հ.Ս.) նկարելու գայթակղություն (էջ 177), արյան մեջ լուծված ժամանակ, ժամացույցների աղմկոտ գերեզմանոց, ժամանակի մնացորդները խնամքով քերող անգղ (էջ 178), քաղաքի սև կուրծք, ծռմռված տաշտի պղնձե շուրթեր (փոխաբերություն), ջրի մեջ լուծվող վտանգ, մոր վարդագույն փրկիչ ձեռքեր (էջ 182), վճարովի հաշվարկված հրաշքի փորձարկում (էջ 185), ճառագայթված հիվանդ կնոջ քաղցկեղից նոր ապաքինվող հիվանդ գլուխ (էջ 187), ձյունի երկթևանի փաթիլ (էջ 188), հողով ծածկված ժամանակի կոպեր (փոխաբերություն), կոշիկների տակից քերվող երազ (էջ 190), սիրո նոր կարգ (էջ 191), ինքնավստահ ու ներողամիտ դարձած հավելյալ երջանկությունը թաքցնող կոնքեր 194 (հղի կնոջ կերպարի գեղարվեստական արտացոլքը պոեզիայում), մորս մատներից խաչաձև հառնող ճերմակ թելեր (էջ 195), մոլորակի եզրին օրորվող հարբած մարդիկ (էջ 197), դրախտ գնացող բեռնատարի մեծ անիվների ետևից վազող տերևներ (էջ 198), ձև փնտրել մեղքերը նորից կրկնելու համար (էջ 202), ափերի զույգ նժարներ, հազար գիշերվա թաց խտացում, լոկ մի գիշերվա անմեղության պակաս միայն, տատանվել մի ձեռքում մեղքը, մյուսում վաստակած անմեղությունը (էջ 204), մի ոչնչից մյուս ոչինչը տանող կամուրջ (էջ 205):

…մռռում եմ մաշկովս (էջ 7), ամպի սահման (էջ 27), ընդերքիս հիստերիան (էջ 30), պլաստիկե հրեշտակ (էջ 50), վատնված անմահություն (էջ 50), նեղ ժպիտ (էջ 52), հոծ ձյուն (հոծ-ը սովորաբար օգտագործվում է բազմության համար, ձյունը կարող է առատ լինել․ այս դեպքում հոծ ձյունը պատկերավորման միջոց է) (էջ 60), թղթե ձյուն (էջ 68) (հեղինակի մոտ ձյունը լինում է և՛ հող, և թղթե – Հ.Ս.), սառցե բռունցք (էջ 60), արևի զայրույթը (էջ 63), հիվանդ արև (էջ 66), թղթե ձյուն (էջ 68), հուդայացած, շուրթերիս (էջ 75), զոհաբերման էքստազ (էջ 79), մանուկ ջահելություն (էջ 80-81), քոչվոր սիրտ (էջ 88), քմահաճ քիթ (էջ 88), տագնապներիս խրամատներում (էջ 95), կույսի համբույր, սիրո թանգարան (էջ 98), ճաղատ աշունը, կանչը ցավի (էջ 103), արագախոս տիեզերք ես, խարխուլ մթնանյութ (էջ 105), գաղջոտ տապում (էջ 107), քարե սպունգ (էջ 107), վաստակած հեգնանք (էջ 108), փորձարկված սուրբ (էջ 115), զարդափոշու ամպ (էջ 115), կույր մենություն (էջ 118), անգույն ոչինչ (էջ 118), անձրևի լացը (էջ 118), աղջկությունս առավ (էջ 122), կաղացող ամպ (էջ 126), փարթամ ծիածանով (էջ 126), տեսակը լույսի (էջ 135), մետաղական անձրև (էջ 135), զվարթությունը մաշկիս (էջ 138), դատարկ անհուն (էջ 141), չափսերը … մահվան (էջ142), թխամազ կատու (էջ142), ճաշակը … մահվան (էջ 143), երազներիս, կաղապարները (էջ 154), կրկնավոր կոշիկներ (էջ 161), մահվան վաշխառու (էջ 166), սովորույթի սատանայից (էջ 170):

Դրախտ-արձակուրդի մասին (ուշք դարձնել գծիկով բառազուգորդումներնին անդրադառնալիս) (էջ 10), համրի կոկորդում ապրող ճիչ (էջ 20), հեքիաթի երկնահաս ձողով (էջ 26), հարմարվել եմ արդեն գալուստներիդ ռիթմին (էջ 57), ջերմող ծաղկի, դեմքի քրտինքը … (էջ 66), օդային կրճատ աղոթք (էջ 66), սեղանին վիժված սերմեր (էջ 66), անտարբերության ժանգոտ մեխեր (էջ 75), մուգ դառնահամը քո ցատկող արյան (էջ 75), համա՛ռ մակարդված փոշեհատիկ (էջ 85), ․․․մինչ մաշկս … քրտնի հին սառսուռներիս հիշողությունով, հում մթնահյութից (էջ 94) մթնահյութ-ը նորաբանություն է նաև առանձին, …շրթունքներս երազախաբվեն մեկ միլիոն անգամ (երազախաբվեն-ը նորաբանություն է իբրև առանձին բառ՝ երազախաբ լինել-ի միաբառ ձևը) (էջ 94), դավադիր ազդրերիս անակնկալ գյուտը (էջ 95), …կուսությունից էլ մեծ մի նոր անմեղությամբ (էջ 95), հանուն անմեղության հաջորդ չափի (էջ 96), թռչել դեպի գերեզմանոցը անցած սերերիս (էջ 98), … բալերոնները ձեր տաք մատների (էջ 98, բալերոննոեր-ը նորաբանություն է նաև առանձին, թաց ու անկատար պչրուհու նման (էջ 102), … մի քիչ կարծես թե ֆոկուսից ընկած լույսը արևի (էջ 103), այն մերկ աշունը հորիզոնական երկվորյակիս պես (էջ 103), …ինքնագոհ պառկել մեղքերիս վրա (էջ 103 ճշգրիտ սիրո պահին (էջ 115), տեսողությանս սև քառակուսին (էջ 119), հաբը իմ տխրության (էջ 122), զսպված հրդեհը լուռ մեռնող արեգակի (էջ 127), Քրիստոսներն ենք ապագայի (էջ 135), արճիճե գիշերը տաք (էջ 140) կրկնակիրառություն, հոգու կամավոր շիզոֆրենիային (էջ 143), մարմինն իմ կաթնահունց (էջ148), տեղափոխվել դեպի երազ (էջ 150), ․․․հոգու համբերատար անմահության մասին (էջ 155), հոգու ճշգրիտ քանդակ (էջ 164), մորս թաշկինակի թաց գույներով, կրկնվող թաղումը հորս (էջ 166), երազիս հանդիպակաց հայելիների մեջ (էջ 166), աջ ու ձախ հավերժություններում, …կրճատված աղոթքը տեր հոր (էջ 166), ժլատ ձմռան լույսի սառը ստվերներով (էջ 166-167), բացակա լույսերի մթագնած գիշերների մեջ (էջ 167), ավազե ճերմակ վիրակապ (էջ 168), բազմամիլիոն ոսկրե շվիների երգը (էջ 168):

Թավշյա կույս (էջ 8), հղի կույս (էջ 62), կամերային շառաչ (էջ 12), անխոս համբերությամբ (էջ 16), …մետաղափայլ կամուֆլյաժ փեշով արնակարմիր (էջ 9), …մետաղական ճիչը զինվորի մոր (էջ 23), գարշ դառնահամով (էջ 36), թրքախոս քամու(ի) (էջ 37), աքսորված հրեշտակ (էջ 145), գրպանի դժոխք (էջ 174), պարտված հույսի աճյուն (էջ 40), ընդհատված ապտակ ժամանակին (էջ 59), … հավերժահարս մեղավոր մարմնիս հետ (էջ 64), շրջվում-շտկվում են (էջ 79), օպերատիվ զեղումներից (էջ 80), մաշկիս մենությունն (էջ 98), մահվան քարաշեն արգանդի նման (էջ 106), …անճաշակ լույս (էջ 112), … տարտամ լռություն (էջ 112), … բացակա վերադարձը նրա հավերժական (էջ 176), պայտվող ձի (էջ 230), …հեղմանը քո վայրենի (էջ 246), հոտավետ մեղքերի խնկաբույրում … (էջ 253), արնած ծնկով (էջ 266. արյունած-ի նոր բառագործածության ձև), բազմաբերան միգամածություն (էջ 276), թաց աղմուկ (էջ 277):

Հեղինակի ստեղծագործության ընդհանուր ուսումնասիրության (վերոնշյալ երեք գրքի օրինակով) համապատկերում մեր մատնանշած վերոնշյալ դիտարկումները և հեղինակային-անհատական նորաբանությունների ներկայացված ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Սոնա Վանը թերևս իրավունք ունի համարվել հեղինակային-անհատական նորաբանությունների, բառի իրադրային կիրառության լայն ասպեկտ ունեցող պոեզիայի ստեղծող:

Սոնա Վանի նորարարությունների տարբաժանումը “ավանդական”-ի և “ոչ ավանդական”-ի (“ոչ ավանդական” նորաբանություն ասելով նկատի ունենք հեղինակի վերոնշյալ այն նորաբանությունները, որոնք ստեղծվել են բառերի աննախադեպ կամ եզակի զուգորդությամբ և հատկանիշների եզակի վերագրումով) և յուրաքանչյուրի համար ներկայացվող մեծ թվով օրինակները մեծ հաշվով մեզ տալիս են ներքոնշյալը հիմնավորելու հնարավորություն:

Առավելաբար “ավանդական” նորաբանությունների ծիրում ուսումնասիրելով Սոնա Վանի ուղղակի և փոխաբերական իմաստով գործածված ստեղծագործության ընդհանուր բառապաշարը՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ ժամանակակից հայ (անկետադիր) պոեզիան իր թարմ մտածող, նորաոճության ձգտող հեղինակներով ստեղծում է կայուն բառաշերտին ինտեգրվելուն զգալի աղերսներ ունեցող բառ-բառակապակցություն-մակդիր-արտահայտություն-նորաբանությունների հսկայական պաշար:

Լեզվի զարգացման արդի միտումները հաշվի առնելով` կարծում ենք՝ հեռու չէ այն օրը, երբ ժամանակակից նորաբան հեղինակների՝ այդ թվում Սոնա Վանի “թարմ մտածողության” արդյունքում ստեղծված նորաբանությունների զգալի մասը կկիրառվի հասարակության լայն զանգվածի բառապաշարում:

Նոր բառ ստեղծելու բանաստեղծական միտում-մղումի մեր կարծիքով բավականաչափ կենսունակ բացատրությունն է տալիս Սոնա Վանը, երբ պատասխանում է “ի վերջո ինչի՞ է ձգտում գրողը հարցին”. փաստելով՝ “Լավ գրողը ձգտում է արտացոլել ոչ թե այն, ինչ տեսնում է ինքը, այլ այն, ինչ ցանկանում է ցուցանել մեկ ուրիշին մի այնպիսի դիտակետից ու այնպիսի լույսի տակ, որը նոր է գրողի և նրա ընթերցողի համար: Բայց նախ և առաջ` գրողի…” ,- շարունակության մեջ նա ավելի քան հստակ ձևակերպում է նոր բառ ստեղծելու անհրաժեշտությունը. “… միայն նոր փորձառության մեջ է նա (գրողը – Հ. Ս.) մի պահ կարկամում ու սկսում նոր բառեր փնտրել զգացածն արտահայտելու համար”:

“Նոր փորձառություն” ասելով Սոնա Վանը թերևս նկատի ունի մինչ այդ գրողի կողմից չնկատած մի բան տեսնելը և այն նկարագրելու համար հեղինակի բառային փնտրտուքը կամ` արդեն հայտնի երևույթը նորովի ներկայացնելու հարկավորություն-անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կայուն բառագանձի մի քանի հիմնաբառերի նախադեպը չունեցող զուգադրումը:

Սոնա Վանն ինքն էլ կարծես հաստատում է ասվածը, երբ բացատրում է “օրիգի-նալություն” եզրույթը. “… օրիգինալությունը ոչ թե վարպետության, այլ ինչ-որ բան արտառոց ձևով տեսնելու և դրանով մի պահ մանկամտորեն զարմանալու արդյունք է” :

Վերոնշյալ մեջբերումները, թերևս ճշմարտությանն աղերսում են նորաբանությունների զգալի ազդեցությունը ընդհանրապես լեզվի հիմնական բառաշերտի և մասնավորապես՝ տվյալ ժամանակաշրջանին հատուկ բառապաշարի վրա` հաճախ փաստելով նոր բառերի կիրառության հնարավարությունը, երբեմն էլ անհրաժեշտությունը մեր լեզվում:

“Վերջին տարիներին, մասնավորապես վերջին երեք տասնամյակներում մեր լեզվի բառային կազմը համալրվել է բազմաթիվ նորաբանություններով, որոնք արտա-ցոլում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում տեղի ունեցած փոփոխություններն ու նշանակալից տեղաշարժե-րը” :

Այս փաստարկը բերողներն էլ խոսում են մեր կարծիքը պնդելու հնարավորու-թյան օգտին:

Վերադառնալով “նոր փոխառությանը”, “բառային փնտրտուք”-ին, “ինչ-որ բան արտառոց ձևով տեսնելուն”՝ փորձենք այս տիրույթում դիտարկել նորաբանության դիմելու բանաստեղծական միտում-մղումն ու այդ նորաբանությունների՝ ակտիվ բառապաշարում (թեկուզ տվյալ ժամանակի միջոցի համար) կիրառության մեծ ու փոքր, առավել կամ պակաս չափով հնարավորություններն առհասարակ: Կարծում ենք` դժվար գտնվի իրավասու մեկը, ով ժխտի գրականության (առավելաբար պոեզիայի) նշանակությունն ու ազդեցությունը լեզվի բառագանձի հարստացման գործում: Իհարկե, մեկ նորաբան հեղինակը, անկախ իր օժտվածության աստիճանից, չի կարող էականորեն հարստացնել բառագանձը կամ առանձնապես լուրջ ազդեցություն ունենալ դրա վրա: Բայց որ տվյալ ժամանակաշրջանի (կոնկրետ դեպքում 21-րդ դարի անցած մի քանի տարիները` Սոնա Վանի պոեզիայի օրինակով) գրողների աստղաբույլը, նաև գրականագետները, խոշոր բանասերները, լրագրողներն առհասարակ, իրենց գրավոր ժառանգությամբ տեսանելի ազդեցություն են ունենում բառագանձի (զգալի) համալրման վրա, դժվար թե ժխտի որևէ մասնագետ:

Թարգմանական գրականության (հատկապես լավ թարգմանվածքի դեպքում) բերած նորաբանությունները և լեզվի կայուն բառաշերտում դրանց կիրառության հնարավորությունները ուրիշ խոսակցության նյութ է: Այժմ միայն նշենք, որ թարգմանվածքի ժամանակ հմուտ թարգմանիչը պահի թելադրանքով (լավ) շանսեր ունի ստեղծել այնպիսի օտարաբանությունների հայերեն համարժեքներ, որ շատ պահանջված են մեր լեզվում:

Որպես նորաբան հեղինակ` Սոնա Վանի լինելիությունը վերոբերյալ օրինակներով, կարծում ենք, հաստատվում է: Թերևս իրավացիորեն վերը արդեն նշել ենք, որ հատկապես անկետադիր պոեզիայում հեղինակի ոճը որոշ դեպքերում թելադրում է նոր բառիմաստների ստեղծում, և հնարավոր է նաև նոր ոճ` պայմանավորված առաջին հերթին լեզվամտածողության և բառիմաստային արտահայտչաձևերի զգալի յուրօրինակությամբ: Ցանկացած շնորհալի հեղինակ գոնե իր ստեղծագործության տիրույթում, բնականաբար, այս կամ այն չափով նորարար է: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ հակառակ պարագայում պարզապես անիմաստ կլիներ նոր տողեր արարելը մասնավորապես պոեզիայում, որտեղ սովորական ընթերցողը թերևս ավելի շուտ է նկատում արծարծված նոր թեման կամ հին թեմայի նորաոճ արծարծումները ու “գնում դրա ետևից”:

“… արվեստագետը պարզապես տեղից տեղ է շարժում նույն գորշ նախանյութը` արձանագրելով արարման պրոցեսի անվերջանալիությունը”, – իրավացիորեն արձանագրում է Սոնա Վանը: Հարկ է նկատել, որ “արարման պրոցեսի անվերջանալիությունն” արձանագրելուց զատ, Սոնա Վանը նաև բավականաչափ նոր գաղափարներ է առաջ քաշում, կամ գոնե առաջարկում հին-ավանդական գաղափարների ու գրանյութ-գրական հումքի նորովի մեկնաբանություն` ժամանակի ընթերցողի համար ավելի դյուըմբռնելի ու նաև սպասված: Անկեղծ ասած` Սոնա Վանի ստեղագորության թեմատիկան, գրական հումքը բացահայտելն այսօր մեր ուսումնասիրության ծիրում չէ: Մենք խոսում ենք հեղինակային նորաբանության և բանաստեղծական նորարարության մասին:

Նորարար Սոնա Վանին առաջարկում ենք բացահայտել “Ես ձայն եմ լսում” ժողովածուի մեջ “բառանյութը տեղաշարժելու” նրա հմտությունները վեր հանելով: Ավելի կոնկրետ` նրա ստեղծագործության օրինակով դիտարկելով նախադասություն-բանաստեղծության լինելիության հնարավորությունները ժամանակակից հայ անկետադիր պոեզիայում:

Օրինակ`

“Առաջին երկունք”, էջ 30-31

Նախ ցավն էր

անասնական

ամենուրեք

մաշկիս

կոպերիս

ազդրերիս մեջ

և լալիս էի

ամեն տեղ

բարձերին

դռներին

ու

քարերին…

քիչ անց

կոնքերիս մեջ զայրույթ

վայրի կամ բուսական

և

վերջում

ընդերքիս

հիստերիան`

դու

վարդագույն ու շարժուն

կոկոնի

ու

թռչնի

հիբրիդի պես

այնքա՜ն խոնավ

ու

վստահո՜ղ

այնքան

“Ես եկել եմ”, էջ 42

Ես եկել եմ…

ավելի ճիշտ… բերել են ինձ

(գուցե դատարկ չերևալու համար միայն)

ես… եկել եմ…

անկախ ինձնից

հայտնվել եմ

ինչ-որ մի տեղ…

աննպատակ…

անգործնական…

ինչպես մի աչք

հին տիկնիկի

չար աղջկա խաղատուփից

կամ էլ թևը

մի խաթարված ժամացույցի

ու… հիմա… ես

շնչակտուր…

պտտվում եմ

հի-շո-ղու-թյամբ

ես… եկել եմ…

ավելի շուտ… բերել են ինձ

Ներկայացված բանաստեղծություններն ուշադիր զննելուց հետո դժվար չէ նկատել բանատողերի այնպիսի կառուցվածքը, որը հնարավորություն է տալիս ցանկության դեպքում բազմատուն բանաստեղծությունը կարդալ և ընկալել իբրև մեկ ամբողջական նախադասություն` ամփոփ միտք, երբեմն իր լրացումներով: Ասվածն ապացուցելու համար մի պահ բանաստեղծությունները դիտարկենք հայերենի կետադրական նշանների համակարգի ներքո և դրանցում (բանաստեղծության մեջ) վերջակետի կիրառության անհրաժեշտությամբ (կետադրական այլ նշանի գործածության անհնարինությունը) պայմանավորված դադարներով հաշվենք նախադասությունների քանակը:

Բանաստեղծություն-նախադասությունները կետադրական նշանների հանգույն ներկայացնելիս որոշ դեպքերում կօգտվենք հայերենի շրջուն շարադասությունից` այնտեղից չհանելով և ոչ մի բառային միավոր:


Նախ անասնական ցավն էր ամենուրեք` մաշկիս, կոպերիս, ազդրերիս մեջ, և լալիս էի ես ամեն տեղ` բարձերին, դռներին ու քարերին, քիչ անց` կոնքերիս մեջ զայրույթ (վայրի կամ բուսական) և վերջում՝ ընդերքիս հիստերիան` դու՝ վարդագույն ու շարժուն կոկոնի ու թռչնի հիբրիդի պես` այնքա՜ն խոնավ ու վստահո՜ղ այնքան:


Կետադրական նշանների ներքո ներկայացվող բանաստեղծությունը մեր կարծի-քով բավարար հիմք է ապացուցելու հիմնականում մեկ, երբեմն երեք-չորս նախադա-սությամբ արտահայտված (կազմված) նախադասություն-բանաստեղծությունների լինելիության հնարավորությունը ժամանակակից հայ անկետադիր պոեզիայում ընդհանրապես և Սոնա Վանի պոեզիայում` մասնավորապես: Երկրորդ բանաստեղծությունը ևս առաջարկում ենք կարդալ նույն սկզբունքով:

Նորարար Սոնա Վանը երևում է նաև հետգրություն ունեցող բանաստեղծություններում: Ոճի գրականագիտական առանձնահատկությունները թողնելով այդ գործով զբաղվողների դատին` միայն ասենք, որ հեղինակը գրականություն է բերել ավելի հաճախ ժուռնալիստիկայում տարածում գտած “հետգրությունը”, որը կարող է դառնալ ժուռնալիստական նյութի մեխը, ինչպես և կարծում ենք մեխ է դարձել Սոնա Վանի մի քանի բանաստեղծությունների դեպքում նաև:

bottom of page