Աստված մեծ սուտ է ի՞նչ լույս
Նարցիս է՝ ինքն իրեն սիրահարված
կծան մեղու
ասաց նա՝ իբր իմիջիայլոց
բայց լսելի – ինչպես
բացակա մեկին բամբասելիս
եւ
Տիրոջ փոխարեն վիրավորված
ես լաց եղա հեծկլտալով – ամբողջ գիշեր
օրերս –
երբ նոսրանում է հետզհետե
երթևեկը
ետևիցս ընկած տղաների
եւ
սխալ է պահը մայրս կասեր
հրաժարվել նման թեկնածուից
ինչ-որ կասկածելի Աստծո համար –
ինչպես պահարանից ելած
ֆեմինիստ մի
ուզում եմ կոտրել նրա եսը
եղունգիս ծայրով չհարդարված
բարակ սառցե շերտի նման պատուհանիս
ասել` գնա
ասենք
մեծ սուտ է Նա
Նարցիս
մեղու –
ես օծվում եմ թուրմով մանուշակի
ու հենվում պատուհանիս մեկ ոտքս վեր
ինչպես ցողուն
հայրս ասում էր
– եթե ուզում ես մեղուն ցանկանա՛ քեզ
ուրեմն որդեգրիր ծաղկի վարքը
կպցնելով ծխախոտը գազօջախից
ու հավելում ծուխը դեռ բերանի մեջ
– աղջիկս գիտե՞ս մեղուները
նախընտրում են ծխախոտի հոտը
մանուշակից