top of page
նվիրվում է Վրեժ Իսրայելյանի հիշատակին
Ապրե՛ք դուք
մեռյալներ անձնասպան
որ մի օր ձանձրացաք
ու գնացիք
մինչ օրը անհոգնում սկսում է դարձյա~լ
չամաչելով
ինքն իրեն կրկնելուց
հիշո՞ւմ եք արեւը մեր բակի
տհաս
բայց փարթամ Արփիի պես
յոթից – յոթ վառվող լույսերը փողոցային
որ անթարթ այդպես էլ
չթողեցին ձեզ տարբերել
երբեւէ
խոր գիշերը` սկսվող երեկոյից
մխիթարվե՛ք նույն արեւն է մսոտ
շուրջօրյա նույն լույսերը դավադիր
ապրե՛ք դուք
մեռյալներ առյուծասիրտ
որ հատեցիք սահմանը դեպի տուն
մեկընդմիշտ կտրելով
անդենի ժապավենը անվերադարձ
ընդհատելով
տաղտկալի իներցիան
սովորույթի
bottom of page